ՀԲԸՄ-ն կարևորում է նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նշանակությունը
16:07 - 25 ապրիլի, 2021

ՀԲԸՄ-ն կարևորում է նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նշանակությունը

«Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը» (ՀԲԸՄ) անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլքսանչորսյան իր ելույթում «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու իրադարձությանը։ Կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ․

«Որպես աշխարհի խոշորագույն շահույթ չհետապնդող հայկական կազմակերպություն, որը մեր ժողովրդին ծառայելու 115-ամյա պատմություն ունի, ՀԲԸՄ-ն վաղուց է գիտակցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչման կարևորությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից: Ամերիկայի նախագահների կողմից բազմաթիվ բաց թողնված հնարավորություններից հետո, մեզնից խուսափած հստակությունն ի վերջո դրսևորվեց պաշտոնական դիրքորոշման մեջ՝ երեկ՝ 2021 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Նախագահ Բայդենի հայտարարության մեջ տեղ գտած բառերի միջոցով:

Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից 1.5 միլիոն անմեղ հայերի սպանությունը կոչելով ցեղասպանություն, Նախագահ Բայդենը հստակ ուղերձ հղեց առ այն, որ ճշմարտությունն ի վերջո կհաղթի այն մարդկանց համաձայնեցված ջանքերին, որոնք հանցագործություններ են կատարել մարդկության դեմ և փորձում են տապալել արդարությունն ի հեճուկս առկա փաստագրված անհերքելի ապացույցների»:

ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը անդրադարձել է վաղեմություն չունեցող համընդհանուր մարդկային իրավունքներն ու սկզբունքները անցողիկ աշխարհաքաղաքական նկատառումներից ու շահերից վեր դասելու նախագահ Բայդենի որոշմանը:

«Այսօր, մեկ բառի արտաբերմամբ վերագծվեց սահմանը պատմական ճշմարտության ու կեղծ պատմությունների միջև, որոնք տասնամյակներ շարունակ կասկածի և խառնաշփոթության սերմեր են նետել համաշխարհային լրատվամիջոցների, գիտական շրջանակների և դիվանագիտական հանրույթի շրջանում: Դա ահռելի վնաս է հասցրել ցեղասպանությունը վերապրածների և նրանց ժառանգների հոգեկան աշխարհի վրա, որոնց վերքերը մնում են չապաքինված Թուրքիայի կառավարության լավ մշակված ու համակարգված խաբեությամբ: Պատմական ռեևիզիոնիզմի փորձերն ու ցեղասպանության ժխտման գործունեությունը, զուգորդված  Միացյալ Նահանգների շահերի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելու սպառնալիքներով այժմ արդեն արժեզրկվեցին Ամերիկայի իշխանության և ազդեցության ամենաբարձր մակարդակով»:

Սեդրակյանը նշել է, որ Նախագահ Բայդենի հայտարարությունը «քայլ առաջ է» Հայոց հարցը առաջ մղելու ուղղությամբ, ընդ որում, ոչ միայն Թուրքիայի կողմից գործադրված անցյալի, այլև ներկայիս անարդարությունների համատեքստում: «Անցյալ տարի մեզ ողբերգականորեն հիշեցրին հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի շարունակվող թշնամական վերաբերմունքի մասին: Հանդիսանալով 2020 թվականի Արցախյան պատերազմի հիմնական դերակատարն ու ծածուկ ագրեսորը՝ հաջակցություն իր դաշնակից Ադրբեջանի, Թուրքիան բացահայտեց հայերին ու հայ մշակույթը պատմական հողերից արմատախիլ անելու իր անբարո մտադրությունները, ճիշտ այնպես, ինչպես 106 տարի առաջ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ»:

Նա նաև նշել է. «Եվ թող որ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը օրինակ ծառայի բոլոր նրանց համար, ովքեր տառապում են անողոք արդարադատությունից խուսափող կեղեքիչների ձեռքերում. ճշմարտությունն ի վերջո պարզվելու է անկախ նրանից, թե դրա համար պայքարը որքան դժվար և տևական կլինի: Մենք սա համարում ենք ոչ միայն պատմական փաստի երկար սպասված ճանաչում, այլև ավելի ազնիվ ու կառուցողական ապագայի կերտման հիմք, քանի որ արդարադատությունը ցանկացած հաշտեցման հիմքերի հիմքն է: Մենք շարունակում ենք հուսալ, որ սրանով ճանապարհ կհարթվի տարածաշրջանային խաղաղության և բարգավաճման համար»,-ասված է ՀԲԸՄ հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել