Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտական հետազոտությունների համար նոր կրթաթոշակներ են սահմանվել
19:52 - 22 հունվարի, 2021

Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտական հետազոտությունների համար նոր կրթաթոշակներ են սահմանվել

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Լոնդոն Թրասթ բարեգործական կազմակերպությունը Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտության գծով մագիստրոսական աստիճան հայցող ասպիրանտների համար կրթաթոշակային նոր ծրագիր է մեկնարկել: Այս մասին տեղեկացնում է ՀԲԸՄ-ն:

Առաջին կրթաթոշակը կտրամադրվի 2021 թվականի հոկտեմբերին, իսկ ծրագիրը կտևի մինչև 2026 թվականը:

«Հինգ տարի շարունակ տարեկան մեկ ասպիրանտ ուսանողի աջակցելու այս նոր կրթաթոշակային ծրագիրը կարևորագուն դերակատարություն կունենա հայկական մշակույթն ու ժառանգությունը ավելի լավ ճանաչելուն ուղղված ջանքերը խթանելու գործում:

Դասական հայագիտության գծով մագիստրոսի աստիճան հայցողները հայերեն բազմապիսի տեքստերի ընթերցանության և թարգմանության փորձ ձեռք կբերեն, ինչը նրանց թույլ կտա խորությամբ ընկալել իրենց ընտրած ժամանակաշրջանի գրական մշակույթն ու պատմությունը:

Օքսֆորդում ուսանելու տարիներին ուսանողները կկարողանան օգտվել Բոդլեյան գրադարանում պահվող հայկական ձեռագրերի յուրօրինակ հավաքածուից, որը ներառում է Իրանում տպագրված չափազանց հազվագյուտ մի գիրք՝ Նոր Ջուղայի Հայկական Սաղմոսագիրքը:

ՀԲԸՄ Լոնդոն Թրասթի կրթաթոշակի հիմնումը այս կազմակերպության և Օքսֆորդի միջև գործակցության հաջորդ փուլն է. այդ գործընկերության շրջանակներում վերջին յոթ տարիներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել համալսարանում տարբեր առարկաներ ուսումնասիրող հայ ուսանողներին: Նոր կրթաթոշակային ծրագիրը, որը բաց կլինի աշխարհի բոլոր ծագերը ներկայացնող ուսանողների համար, համահունչ է հայկական ժառանգությունը կրթական, մշակութային և մարդասիրական ասպարեզներում պահպանելու ՀԲԸՄ-ի առաքելությանը:

ՀԲԸՄ Լոնդոն Թրասթ կազմակերպության նախագահ և ՀԲԸՄ կենտրոնական վարչության փոխնախագահ Ջոզեֆ Ուղուրլյանը իր խոսքում նշել է. «ՀԲԸՄ-ի համար, անշուշտ, պատիվ է Օքսֆորդի համալսարանի նման հեղինակավոր համաշխարհային հաստատության հետ համագործակցելը: Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը տարիներ շարունակ վերելք է ապրել, և ֆակուլտետի դասական հայագիտության մագիստրոսական ծրագրին աջակցելը միանգամայն տրամաբանական քայլ էր ՀԲԸՄ-ի համար: Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում պրոֆեսոր Թեո Մաարթըն վան Լինտին և իր թիմին՝ այս համագործակցությունը հնարավոր դարձնելու համար»,-ասված է ՀԲԸՄ հաղորդագրության մեջ:

Դասընթացը վարելու է Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Թեո Մաարթըն վան Լինտը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել