Մոսկվայում կայացել է «Համաճարակային բարեկեցություն» խորագրով միջազգային համաժողովը
17:01 - 23 ապրիլի, 2021

Մոսկվայում կայացել է «Համաճարակային բարեկեցություն» խորագրով միջազգային համաժողովը

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 20-ին և 21-ին Մոսկվայում մասնակցել է «Համաճարակային բարեկեցություն» խորագրով միջազգային համաժողովին։ Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի միացյալ ծրագրի (UNAIDS) համատեղ ջանքերով` ելնելով բնակչության համաճարակային բարեկեցության ապահովման անհրաժեշտությունից։ Համաժողովին մասնակցել են ԱՊՀ, Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրներից պատվիրակություններ, ԱՀԿ, UNAIDS և մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

2020 թվականին երկրների առողջապահական համակարգերը ենթարկվել են լուրջ փորձությունների, որոնք չեն շրջանցել նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրները։ Նոր կորոնավիրուսային համավարակի տարածումը լուրջ սպառնալիք է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում մինչ այժմ արձանագրված ձեռքբերումների համար։ 

Տարածաշրջանային նշանակություն ունեցող այս խոշոր միջոցառման  ընթացքում քննարկվել են բնակչության համաճարակային բարեկեցության ապահովման, COVID-19-ի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հեպատիտների, ինչպես նաև այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման ընդհանուր մոտեցումները, մշակվել են առողջապահության բնագավառում ներկա մարտահրավերների և արդիական հարցերի լուծման համատեղ  ուղղություններ։

Համաժողովի շրջանակներում Լենա Նանուշյանը մասնակցել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գործում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին Ռուսաստանի Դաշնության տեխնիկական օժանդակության Համակարգող խորհրդի նիստին, որի ժամանակ ներկայացրել է ՌԴ տեխնիկական օժանդակության շրջանակներում Հայաստանի իրականացրած աշխատանքները, գրանցված ձեռքբերումները, ինչպես նաև 2021 թվականի հեռանկարները։ 

Միջոցառման ընթացքում անցկացվել է նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային երկու խորհրդակցություն, որոնց ընթացքում քննարկվել են ԱՀԿ համաճարակային բնույթ կրող իրավիճակներին արագ արձագանքման համակարգի բարեփոխման, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ՄԱԿ-ի նոր քաղաքական հռչակագրի վերաբերյալ միասնական մոտեցումներ ցուցաբերելու հարցերը։ Խորհրդակցությունների ընթացքում մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները հիշյալ հարցերի մասին ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումներն ու նկատառումները։

Համաժողովին Լենա Նանուշյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ հաջողված պայքարի հիմքի վրա ստեղծված նոր կորոնավիրուսային հիվանդության հակազդման Հայաստանի փորձը։ 

Նախարարի առաջին տեղակալը առանձին հանդիպումներ է ունեցել ՌԴ սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության  պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի, UNAIDS-ի գործադիր տնօրենի տեղակալ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Շենոն Հայդերի հետ։ Հնարավորություն է ստեղծվել նաև քննարկումներ ունենալ Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի, ԱՀԿ և ԱՊՀ Գործադիր կոմիտեի գործընկերների հետ։ 

Համաժողովի զուգահեռ նիստերին հայաստանյան պատվիրակության անդամները հանդես են եկել զեկույցներով, ներկայացրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, COVID-19-ի, հեպատիտների և այլ վարակիչ հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքները, երկրի ձեռքբերումները, այդ թվում նաև՝ միջազգային համագործակցության արդյունքում գրանցված հաջողությունները։  

Նշենք, որ ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի երեք աշխատակից ՌԴ սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության  պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով՝ Հայաստանին ՌԴ-ի նվիրաբերած լաբորատոր ախտորոշիչ շարժական կենտրոններում բարեհաջող աշխատանք իրականացնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել