COVID-19-ի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը լրացուցիչ հարցեր է ուղղել Կառավարությանը. Խաչատրյան |1lurer.am|
12:10 - 09 մարտի, 2021

COVID-19-ի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը լրացուցիչ հարցեր է ուղղել Կառավարությանը. Խաչատրյան |1lurer.am|

1lurer.am: Մեկնարկել է COVID-19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստը: Օրակարգում մեկ հարց է՝ հանձնաժողովի կողմից լրացուցիչ ուղարկված հարցերի վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը տեղեկացրեց, որ վերջին նիստից հետո անհրաժեշտություն էր առաջացել լրացուցիչ հարցեր ուղղել Կառավարությանը, մասնավորապես՝ էկոնոմիկայի, արդարադատության նախարարներին և ՊԵԿ-ին: Հարցերը վերաբերել են փոքր և միջին բիզնեսի վրա համավարակի ունեցած ազդեցությանը:

«Տեղեկատվություն ենք հայցել սուբյեկտների շրջանառությանը, նրանց կողմից վճարված հարկերի, չվճարված հարկային պարտավորությունների մասին: Նաև լրացուցիչ տեղեկատվություն ենք խնդրել կրճատված աշխատատեղերի, փակված բիզնեսների, գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած, սնանկացած, լուծարված կամ այդ պրոցեսի մեջ գտնվող սուբյեկտների վերաբերյալ՝ ամսական կտրվածքով»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ տեղեկատվության նպատակն է, որ հանձնաժողովը կարողանա հընթացս վերլուծել, թե ինչ դժվարություններ է ունեցել բիզնեսը, որպեսզի գնահատեն՝ արդյոք ժամանակին և անհրաժեշտ ծավալո՞վ են իրականացվել այդ ուղղությամբ պետական միջոցառումները:

Խաչատրյանը հայտնեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նամակով խնդրել է ողջամիտ ժամկետ՝ մինչև մարտի 30-ը՝ ամբողջական և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու համար:

Պատասխաններ ևս ստացվել են: Հանձնաժողովի ուղղած հարցերին պատասխանել են ԿԳՄՍ նախարարը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, Կրթության տեսչական մարմինը, ՊԵԿ-ը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Վայոց ձորի մարզպետարանը և Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը՝ հայտնեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել