Կհստակեցվեն քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող ծանուցման եղանակները
17:41 - 10 մայիսի, 2024

Կհստակեցվեն քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող ծանուցման եղանակները

Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Առաջարկվում է օրենքի 20-րդ հոդվածը լրացնել 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով: Սահմանվում է, որ սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք են համարվում` ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը, փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում` ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը,  անհատական ծանուցման դեպքում` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ azdarar.am, քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը:

Սահմանվում է, որ  քաղաքացուն պատշաճ ծանուցում է համարվում ծանուցագիրը փաստաթղթային կամ փոստային կապի միջոցով կամ անհատական կամ հրապարակային եղանակով տրամադրումը:

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հարցրել է՝ ի՞նչ է լինելու այն պարագայում, երբ որևէ կերպով  քաղաքացին չի ծանուցվում: Հրաչյա Սարգսյանը պարզաբանել է, որ այդ պարագայում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով  նախատեսված են պատասխանատվության միջոցներ:

Նշվել է, որ ծանուցումից առաջ ստուգվելու է՝ քաղաքացին երկրո՞ւմ է, թե՝ ոչ:

Մտքերի փոխանակության ձևաչափում փոխնախարարը հայտնել է, որ  նախագծի անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ քաղաքացիներին ծանուցելու հետ  կապված որոշակի խնդիրներ կան. շատ հաճախ  քաղաքացիները միտումնավոր խուսափում են ծանուցվելուց:

Հրաչյա Սարգսյանը հայտնել է, որ սկզբում քաղաքացին ծանուցվելու է իր պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով: Պաշտոնական էլեկտրոնային փոստ համարվում է այն էլփոստը, որը քաղաքացին ստանում է նույնականացման քարտ ստանալիս: Էլեկտրոնային ծանուցումից 5 օր հետո ծանուցումն իրականացվելու է թղթային եղանակով՝ փոստի միջոցով, այնուհետև հաջորդելու են ծանուցման մյուս եղանակները: Վերջին ծանուցումից 10 օր հետո, որը լինելու է azdarar.am կայքով, քաղաքացին համարվելու է պաշտոնապես ծանուցված:

Պատգամավորները և փորձագետները ներկայացրել են որոշ առաջարկներ և դիտողություններ, որոնք կքննարկվեն հեղինակի կողմից:

Հանձնաժողովը նախագծին  դրական եզրակացություն է տվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել