Իմ խոսքը մանիպուլացրել են. Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանեց իր հարցազրույցի որոշ դրվագներ |1lurer.am|
12:02 - 24 փետրվարի, 2021

Իմ խոսքը մանիպուլացրել են. Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանեց իր հարցազրույցի որոշ դրվագներ |1lurer.am|

1lurer.am:   ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցի որոշ դրվագներ: 

«Պետական պահպանության ամբողջ իմաստն ինչո՞ւմն է, պետության խնդիրը ո՞րն է: Պաշտպանելու համար պետությունը տվել է այդ բոլոր կառույցներին բոլոր իրավասությունները՝ ընդհուպ մինչև կրակելը: Դրա մասին է խոսքը եղել: Բայց դա մանիպուլացրեցին, դարձրեցին, որ Քոչարյան Անդրանիկն ասել է՝ կրակել ժողովրդի վրա: Քոչարյան Անդրանիկը հո հոգեկան հիվանդ չի՞ որոշ մարդկանց պես, որոնք կայծակնային արագությամբ շենքերի գրավում են նախատեսում:
 
Մոռացե՞լ եք՝ մինչև այդ ինչ է եղել մեր պետության մեջ, հոկտեմբերի 27-ը մոռացա՞նք, «Դրո կառույցը» մոռացա՞նք: Ուզում եմ մեկ այլ կառույցի մասին էլ ասել՝ «Նեմեսիսի»: Այդ քաղաքական ուժերը շատ լավ հասկացան՝ ում մասին է խոսքը: Թող խելքները գլուխները հավաքեն: Պետությունը չի կարող թույլ տալ իր հիմքերի ոչնչացման գործընթացը: Այդքան բան եմ ասել: Ես երեկ էլ եմ ասել, որ Մարտի 1-ին ժողովուրդը որևէ պետական շենքի վրա հարձակում չի գործել: Ժողովուրդը իր խաղաղ հավաքների ժամանակ ենթարկվել է հարձակման, և պարոն Ռոբերտ Քոչարյանը և իր փաստաբանական թիմն ամեն ինչ անում են, որպեսզի դատաքննությունը չսկսվի, և հիմա դա կապել մեկը մյուսի հետ՝ անթույլատրելի է»,- ասաց Քոչարյանը: 
 
Հարցին՝ ինչպես է գնահատում լրատվամիջոցների վրա հարձակումը՝ պատասխանեց՝ վատ:
 
«Շատ վատ բան էր, անթույլատրելի է, և ես նկատեցի, որ Գեղամ Մանուկյանն իր Ֆեյսբուքի էջում ևս դատապարտել էր նման դրսևորումները, որովհետև այսպես անհարկի թշնամանք սերմանելով՝ դավաճաններ փնտրելով հասարակությանը լիցքավորում ենք շատ բացասական լիցքերով:
 
Հիմա պետք է մենք շատ հանդարտ, ճիշտ ընթացքի մեջ գտնենք մեր խնդիրները»,- հավելեց պատգամավորը՝ անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խմբի վրա երեկ տեղի ունեցած հարձակումը:
 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել