ՔԿ հիմնարկներում 2020թ. մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են. Ռուստամ Բադասյան
18:16 - 30 հունվարի,2021

ՔԿ հիմնարկներում 2020թ. մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է պարզաբանում՝ բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժերի վերաբերյալ իր հայտարարությանը հաջորդած մեկնաբանությունների առնչությամբ: Նախարարը կրկին ընդգծել է՝ 2020թ. ՔԿ հիմնարկներում մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են:

«Առանձին իրավապաշտպաններ, անդրադառնալով չորս օր առաջ արված իմ հայտարարությանը, ըստ որի՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժ ենք արձանագրել, ու ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է, նշել են, որ «թվերը ոչինչ չեն ասում, քանի չկա վերլուծություն, որը պետք է իրականացված լիներ 2019 թվականի դեպքերի առթիվ»։

Նման հայտարարություններ անելուց առաջ խորհուրդ եմ տալիս իրավապաշտպաններին տեղեկությանը լիովին տիրապետելուց հետո նոր հանրայնացնել իրենց կարծիքը:

Իմ հայտարարությունն արվել է ԱՆ ՔԿՀ-ներում արձանագրված մահվան դեպքերի համապատասխան ուսումնասիրության հիման վրա: Իրավապաշտպաններին տեղեկացնեմ, որ վերջին 9 տարիների համեմատությամբ, այո՛, 2020թ-ին ՔԿ հիմնարկներում մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են. 2011թ-ին 4532 ազատազրկվածների շրջանում արձանագրվել է 37 (0.70%) մահվան դեպք, 2012թ-ին՝ 4756-ից 28 (0.58%) և այլն (տես գրաֆիկական պատկերում): Այսպիսով, մահացության դեպքերի ամենացածր ցուցանիշն արձանագրվել է 2020թ-ին՝ 2003 ազատազրկվածներից 5 (0.25%) դեպք, որոնցից 2-ի պարագայում մահը վրա է հասել քաղաքացիական հիվանդանոցներում, 3-ը՝ ՔԿ հիմնարկներում:

Ի դեպ, 2019 թվականի դեպքերի առնչությամբ հարուցված են քրեական գործեր, որոնց ավարտից հետո կկարողանանք տալ գնահատականներ: Վիճակագրության մանրամասները՝ գրաֆիկական պատկերում:

Ուսումնասիրության մյուս մանրամասները պատրաստ ենք սիրով տրամադրել իրավապաշտպաններին:

Կարծում եմ՝ դրական վիճակագրությունը, որոշ դեպքերում, կարելի է զուտ ընդունել ի գիտություն»,- նշել է նախարար Բադասյանը



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել