2021-ը պարտավոր ենք դարձնել մեր երկրի զարգացման բեկումնային տարի. ԱԻ նախարարի ուղերձը
13:21 - 31 դեկտեմբերի, 2020

2021-ը պարտավոր ենք դարձնել մեր երկրի զարգացման բեկումնային տարի. ԱԻ նախարարի ուղերձը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ուղերձ է հղել տարեմուտի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«ԱԻ նախարարության հարգելի՛ աշխատողներ, վետերաններ,

Մենք բոլորս անչափ ծանր զգացողություններով ենք ճանապարհում 2020 թվականը՝ վիշտ ապրելով պատերազմում ունեցած մեր կորուստների համար: Ցավալի մահեր արձանագրվեցին նաև մեր երկիրը պատուհասած համավարակի ընթացքում:

Այսօր նրանց առաջ մենք պարտավորություն ունենք՝ համախմբվելու, վերականգնելու հավատը մեր ուժերի նկատմամբ, նորից նվիրվելու կյանքին ու կերտելու այն հաղթանակները, որոնց համար նրանք զոհվեցին:

Անցնող տարին ցույց տվեց, որ դուք՝ խաղաղ ժամանակների փրկարարներդ, հարկ եղած դեպքում նաև զինվոր եք՝ թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում:

Շնորհակալ եմ ձեր վտանգաշատ աշխատանքն անձնուրացաբար և նվիրումով կատարելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու համար:

Այս համակարգի յուրաքանչյուր աշխատողի՝ փրկարարի թե քաղաքացիական ծառայողի աշխատանքի արդյունքում այսօր մենք ունենք արտակարգ իրավիճակներին դիմակայելու ունակ և կայացած մարդասիրական, հասարակության վստահությունը վայելող համակարգ:

2021 թ. մեր անելիքները բազմապատիկ անգամ շատ են, ու մենք պարտավոր ենք այն դարձնել հայոց պետականության հետագա ամրապնդման, մեր երկրի զարգացման բեկումնային տարի: Դա ինչ-որ չափով պայմանավորված է լինելու նաև մեզանից յուրաքանչյուրի աշխատանքով:

Հարգելի՛ գործընկերներ,

Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ առողջություն և հաջողություններ: 2021 թ.-ը թող լինի խաղաղության և ձեռքբերումների տարի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել