Իմ գրառման վերաբերյալ շահարկումները համարում եմ անտեղի․ զորացրվող զինվորները նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն․ Նիկոլ Փաշինյան
11:06 - 16 նոյեմբերի, 2020

Իմ գրառման վերաբերյալ շահարկումները համարում եմ անտեղի․ զորացրվող զինվորները նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն․ Նիկոլ Փաշինյան

Երեկվա գրառման վերաբերյալ կարող եմ ասել, որ մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես են լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ գործում։ Այս մասին այօսր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ եմ ես գրել․ դուք տեղյակ եք, որ ամսի 9-ից հետո առաջնագծից կամավորներ, զինվորներ տեսանյութեր են հրապարակում, որտեղ աջակցության խոսքեր են ասում կառավարության հասցեին եւ տալիս որոշ գնահատականներ, վերլուծություններ։ Ես գրել եմ՝ ապշած եմ տղաների խորագիտությունից։ Շատ դեպքերում այնտեղ հնչում են շատ խորը վերլուծություններ, եւ դրանց համար հիմք են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել հենց այդ զինվորների աչքի առաջ։ Գրել եմ՝ տղե՛րք, դուք ճիշտ եք։ Այսինքն՝ շատ իրադարձությունների իրենց մեկնաբանության հետ ես համաձայնում եմ։ Գրել եմ՝ սպասում եմ ձեզ Երեւանում։ Ահա այս նախադասույթունն է, որ շատերին հիմք է տվել ասելու, թե այստեղ քաղաքացիական պատերազմի եւ բախումների կոչ կա։ Եթե մեր սիրելի հայրենակիցներն ուշադիր լինեն, հայտնի իրադարձություններից հետո հենց համացանցում էլ երեւում է, որ այդ զինվորներից շատերը զորացրվում են եւ վերադառնում իրենց ընտանիքներ։ Եվ այդ մարդկանցից շատերը, խմբեր, նույնիսկ առանձին ջոկատներ ինձ ուղերձներ են հղում, որ ուզում են հանդիպել ինձ հետ, եւ ես հարկ եմ համարել հրապարակային արձագանքել, որ իրենց հետ հանդիպումը կկազմակերպեմ եւ իրենց հետ կքննարկենք հարցերը»,- հավելեց նա։

Փաշինյանն ասաց, որ հաջորդ նախադասությամբ ինքը գրել է՝ «վերջնականապես լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։

«Իհարկե, այստեղ բավականին կոշտ ձեւակերպում է, բայց, հաշվի առնելով, որ երեկ իմացանք, որ այս արտահայտությունը նաեւ պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում (նկատի ունի ԲԴԽ նախագահի հայտարարությունը,-խմբ․), այս ձեւակերպումն օգտագործել եմ, եւ սա ինչ է նշանակում․ նշանակում է, որ առաջնագծի զինվորների վերդարձից հետո եւ նրանց հետ խոսակցության արդյունքում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, որոնք ակտիվ շրջանառության մեջ են դրվում, որոնք այն մասին են, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել եւ այլն։ Ո՞վ, եթե ոչ առաջնագծում գտնված զինվորը գիտի այդ հարցի պատասխանը, եւ ինձ համար շատ կարեւոր է շփվել տղաների հետ, լսել նրանց գնահատականները։ Ի դեպ, քանի որ խոսքը բախման մասին է, ասեմ, որ ոչ մեկը ՀՀ եւ Երեւան չի վերադառնում զինված, որովհետեւ դրված են հատուկ անցագրային կետեր, որտեղ գտնվող իրավապահների ներկայացուցիչներն այդ խմբերին ուղեկցում են զորամասեր, այնտեղ նրանք իրենց զենքերը սահմանված կարգով հանձնում են»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը հայտնեց, որ ինքը երեկ այս թեմայով զրույց է ունեցել Ռազմական ոստիկանության պետի հետ, որպեսզի բացառեն որեւէ մեկի կողմից զենքերով Երեւան հասնելը։

Հիմա, վարչապետի խոսքով, իրավիճակն այնպիսին է, որ խոսքը կարող են մեկնաբանել տասնյակ ձեւերով։ Իհարկե, ըստ Փաշինյանի, այստեղ մի նուրբ հարց կա, որ առաջնագծից հրապարակված տեսանյութերի մեջ երբեմն շատ կոշտ բառապաշար է հնչում եւ դա մտահոգիչ է։ Նա ուշադրություն հրավրեց փաստի վրա, թե ինչը կարող է դրա համար պատճառ հանդիսացած լինել․

«Մենք տեսանք, թե նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերն ինչ տեղի ունեցավ Երեւանում․ հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեց, Ազգային ժողովի շենքը, Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերը չդադապարտեցին։ Սա շատ կարեւոր հանգամանք է, նույնիսկ ՀՀ ՄԻՊ-ն այդ հարձակումները չդատապարտեց, եւ դատապարտման խոսքեր հնչեցրին առաջնագծում եղող զինվորները»,- ասաց վարչապետը՝ շեշտելով, որ, իհարկե, Հայաստանում պետք է բացառվի ատելության խոսքն ու քաղաքացիական բախումը։

«Ի՞նչ քաղաքացիական պատերազմ, էդ ինչի՞ մասին է խոսքը, ո՞վ է ընդհանրապես դրա մասին խոսում։ Ես ուզում եմ ասել, որ ՀՀ իրավապահ համակարգը, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ունեն բավարար ներուժ՝ նման բան թույլ չտալու համար։ Հիմա հարց կհնչի․ եթե այդպես էր, ինչո՞ւ նոյեմբերի տասի գիշերն այդ ամենը չկանխվեց եւ չկանխարգելվեց․ շատ պարզ պատճառով․ նույն ոստիկանության զորքերը, ԱԱԾ-ն, նույնիսկ ՊՊԾ-ի մի շատ հսկայական հատված առաջնագծում էր, եւ, ըստ էության, մայրաքաղաքում շատ սահմանափակ ուժեր կային ե՛ւ ոստիկանությունից, ե՛ւ ԱԱԾ-ից, ե՛ւ ՊՊԾ-ից։»,- նշեց վարչապետը։

Վարչապետը ընդգծեց, որ այս իրավիճակում իր գրառման վերաբերյալ շահարկումները համարում է անտեղի։

«Եվ համարում եմ, որ զորացրվող զինվորները նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն, եւ ես չեմ համարում, որ եթե նրանք ուզում են ինձ հետ հանդիպել ու ես համաձայն եմ հանդիպել, դրա մեջ դատապարտելի որեւէ բան կա։ Նրանք են ճշմարտության կրողը, եթե պարզվի, որ կա դավադրություն, թող բացահայտվի՝ բոլոր մեղավորները պատժվեն։ Բայց, կներեք, Երեւանից հեշտ չի գնահատական տալ նրանց համար, որոնք ամբողջական ինֆորմացիայի չեն տիրապետում»,- ասաց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ ռազմաքաղաքական դավադրություն չկա, բայց պետք է լսել նաեւ տղաներին, որովհետեւ դրվագների մասին են խոսում, պարզաբանվի, հասկացվի՝ ինչ եւ ինչու է տեղի ունեցել։

«Ի՞նչ է նշանակում քաղաքացիական պատերազմի կոչ, երկրի վարչապետը քաղաքացիական պատերազմի կոչ է անո՞ւմ։ Ո՞րտեղ է էդպիսի բան գրած, չի կարելի էդպիսի մանիպուլյատիվ մոտեցում ցուցաբերել։ Եթե առաջնագծի զինվորներին քաղաքական կամ ընթացիկ իրավիճակի հանգուցալուծման մեջ ներքաշելու խնդիր լինի, կառավարությունը բոլոր լծակներն ու լիազորությններն ունի։ Ռազմական դրության մասին ռեժիմը հնարավորութուոն է տալիս նաեւ ԶՈՒ-ին ներգրավել՝ աջակցելու, հասարակական կարգը պահպանելու եւ այլ հարցերում։ Դրա համար սոցցանցում գրառում անելու անհրաժեշտություն կա՞, եթե նույնիսկ այդ տրամաբանությամբ նայել։ Հույս ունեմ՝ մեր հայրենակիցները ճիշտ են հասկացել, իսկ նրանք, որոնք ճիշտ չէին հասկանցել, կվերանայեն իրենց գնահատակնները այս մեկնաբանությունից հետո»,- ասաց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել