Արցախցիների համար նախատեսված կացարանների պայմաններն ամենալավը չեն, բայց որեւէ մեկը դրսում չի մնում. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խոսնակ
18:39 - 12 նոյեմբերի, 2020

Արցախցիների համար նախատեսված կացարանների պայմաններն ամենալավը չեն, բայց որեւէ մեկը դրսում չի մնում. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խոսնակ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Արցախից Հայաստան եկած քաղաքացիներին տեղավորման հարցում ստանում է նաեւ մասնավոր կազմակերպությունների, հյուրատնային, հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների, անհատների ու նախաձեռնող խմբերի աջակցությունը՝ մեր հայրենակիցներին կացարաններ տրամադրելու հարցում։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Պատերազմի ընթացքում էլ Արցախի՝ մարտագծին մոտ գտնվող բնակավայրերից տարհանվող բնակիչներին Հայաստանի Հանրապետությունում կեցավայր տրամադրելու համար քայլեր էին ձեռնարկում ոչ միայն պետական կառույցները, այլեւ անհատներն ու կամավորական նախաձեռնությունները: Կրակի դադարեցումից հետո, երբ քաղաքացիների մի մասն առնվազն այս պահին չի կարող վերադառնալ իր բնակության շրջանները, Հայաստանում նրանց տեղավորման հարցերն առավել հրատապ են դարձել։

Մեր զրույցում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խոսնակը հայտնեց, որ կացարանային ցանկում ներառված են նաեւ պետական եւ համայնքային նշանակության բազմաթիվ շենքեր, շինություններ` նախկին մանկապարտեզներ, քոլեջներ, մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ եւ այլ կառույցներ, որտեղ հնարավոր է մարդկանց շուրջօրյա կեցության ապահովումը։ Կարեւոր է, որ տրամադրվող վայրերը ապահովված լինեն կոմունալ որոշակի հարմարություններով եւ ջեռուցվեն։

Ինչպես ներկայացրեց մեր զրուցակիցը՝ նախարարության աշխատակիցները հավաքագրում են կացարանների մասին տվյալները, հավաքում են նաեւ Արցախից եկած հայրենակիցների հայտերը, որոնք այս պահին բնակության վայրի խնդիր ունեն։ 

«114 եւ 117 թեժ գծերին ստացած հեռախոսազանգերի շնորհիվ ճշտվում են` քանի անձ ունի կացարանի խնդիր, քանիսը՝ որոշակի հատուկ կարիքներ: Մեր հայրենակիցները, որոնք դիմում են նախարարությանը, հաճախ ունենում են հատուկ կարիքներ՝ վիրավորում, հաշմանդամություն, լինում են տարեցներ, որոնք հատուկ խնամքի կարիք ունեն: Բոլոր այս կարիքները գնահատվում, հավաքագրվում են, տվյալ քաղաքացու անունով կազմվում է, այսպես ասած, անհատական գործ»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այստեղ զետեղված են կացարանի ապահովման համար պետք եղած բոլոր տեղեկություններն ու տվյալները, որոնք համադրում են կացարան առաջարկող կազմակերպությունների եւ քաղաքացիների տվյալների հետ, առաջարկում վերջիններիս։

Նախարարության խոսնակի հավաստմամբ՝ հայտերը լրացնելուց հետո անձանց՝ կացարան տեղափոխվելը ժամերի կամ առավելագույնը մեկ օրվա ընթացքում կազմակերպվում է։

Թեժ գծին դեռեւս չզանգահարած, առանց ժամանակավոր կացարանի ու այս հարցը սեփական ուժերով լուծելու հնարավորություն չունեցող քաղաքացիների համար ստեղծվել է առաջնային կայանման կետ, որը Ներսիսյան 14/1 հասցեում է: Այս կայանման կետում քաղաքացիները կարող են մնալ մինչեւ մեկ օր, սնվել, գիշերել, հանգստանալ, մինչեւ հենց տեղում կարիքները կգնահատվեն, հայտ կլրացվի կացարանի ձեռքբերման համար եւ արդեն հենց այստեղից կուղեկցվեն ժամանակավոր կացարաններ, եթե, ինչպես նշեց նախարարության խոսնակը, քաղաքացիները համաձայնում են առաջարկված կացարանին: 

Ըստ Մարտիրոսյանի՝ լինում են նաեւ դեպքեր, երբ շահառուները հրաժարվում են կացարանից: Վերջիններում, ցավոք, պայմաններն իդեալական չեն, մանավանդ երբ արդեն բավականին շատ մարդիկ տեղավորված են․

«Ժամանակավոր կացարանների պայմանները արդեն այս պահին ամենալավը չեն, բայց, ամեն դեպքում, որեւէ քաղաքացի դրսում չի մնում: Հասկանալով պահի ողջ լրջությունը` նաեւ հորդորում ենք քաղաքացիներին, որ ժամանակավորապես համաձայնեն ոչ շատ բարվոք կենցաղային պայմաններին, մինչեւ կկարողանանք իրենց համար ավելի լավ պայմաններով կացարաններ առաջարկել»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը:

Նրա վստահեցմամբ՝ կացարանները դեռեւս բավարարում են, միայն թե ոչ Երեւանում։ Բանն այն է, որ լինում են դեպքեր, երբ մարդիկ հրաժարվում են մարզերում գտնվող կեցավայրերից, որովհետեւ ցանկանում են Երեւանում մնալ․

«Երեւանում կացարաններ այեւս չկան, Երեւանում կացարան տրամադրելու տրամաբանությունը վիրավոր զինծառայողներին, նրանց ընտանիքներին, ստացիոնար բուժում ստացողներին տրամադրելու մեջ է, նրանք ամեն օր առողջապահական հասատություններ այցելելու խնդիր ունեն»,- ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մաուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը` հավելելով. որ եթե քաղաքացին առաջարկած բոլոր տարբերակներից հրաժարվում է, ապա իրենց այլեւս անելու բան չի մնում:

Զարա Խաչատրյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել