Հուլիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համապատասխանաբար ՀՀ Աժ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Ջոզեֆ Փըլոնի կողմից:
Ողջունելով հյուրերին՝ Լիլիթ Մակունցն ու Ֆրենկ Փըլոնը կարեւորել են ստորագրումից հետո համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու եւ հաստատել են խորհրդարանական խորհրդատվական հանձնաժողով ստեղծելու մտադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի եւ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կանոնավոր հանդիպումների միջոցով համատեղ հանձնաժողովը կդառնա համապարփակ քննարկումների համապատասխան հարթակ` միտված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերհանմանը՝ ԱՄՆ եւ ՀՀ միջեւ համագործակցության ամրապնդման նպատակով:
Փոխըմբռնման հուշագիրը վերահաստատումն էր հայ-ամերիկյան խորհրդարանական համագործակցության երկարարամյա պատմության եւ նախանշումը նոր գործընկերային հարաբերությունների:
Covid-19-ով պայմանավորված ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հեռավար՝ տեսազանգի միջոցով՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը:
Միջոցառմանը բացման խոսքով եւ ելույթներով հանդես են եկել նաեւ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Այն նախաստորագրվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրի եւ Ադամ Շիֆի կողմից:
Կողմերը պայմանավորվել են հետագայում փոխանակվել ստորագրված փոխըմբռնման հուշագրերով մյուս կողմերի ստորագրման համար:
comment.count (0)