Շինծու գործն ամոթ ա․ դրանով Ծառուկյանին ավելի հերոսացնում եք․ Գագիկ Ծառուկյանի ելույթը՝ Ազգային ժողովում
13:09 - 16 հունիսի, 2020

Շինծու գործն ամոթ ա․ դրանով Ծառուկյանին ավելի հերոսացնում եք․ Գագիկ Ծառուկյանի ելույթը՝ Ազգային ժողովում

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը ԱԺ նիստերի դահլիճում չէր իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, իրեն որպես մեղադրյալ ներգրավելու՝ գլխավոր դատախազի միջնորդագիրը ներկայացնելու ժամանակ, քիչ առաջ ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից։

Նա դարձյալ պնդեց, թե իրեն առնչվող՝ օրերս կատարվող գործընթացները սկսվել են հունիսի 5-ից, երբ իրենց կուսակցությունը քաղխորհրդի նիստ անցկացրեց եւ ինքը հայտարարեց, որ գործող կառավարությունը ձախողում է կառավարումը։

«Մենք լիարժեք իրավիճակը նայելով՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, արտադրական, առողջապահական, ներկայացրինք այն, ինչ-որ կա։ Ոչ թե մեր ժողովրդին ներկայացնում ենք ֆեյսբուքերով, ֆեյքերով, ՊՈԱԿ-ի 500 աշխատող, որը պետական գումար ա ստանում, ամեն մեկն էլ կա՝ տասնապետ, հարյուրապետ, հազարապետ։ Ես խնդրում եմ, որ խորհրդարանն այսօր լիարժեք քայլ կատարի դեպի իրական կյանք, ոչ թե ֆեյսբուքով, ֆեյքերով։ Խոստումները տված ա երկու տարի։ Այն, ինչ անհրաժեշտ էր ժողովուրդը լսեր, լսում է, բոլորը սուտ, օդ, ոչ մի բան չկա, արածը քանդվել ա, ձախողվել ա, առաջին օրվանից եմ ասել՝ ձեր կողքին եմ եղել, ⅓-ը տվել եմ, ստորագրել եմ հուշագիրը, ցանկացել եմ աջակցել, որ ինչ-որ բան փոխվի, ժողովրդի սպասելիքը իրականություն դառնա։ Բայց ՊՈԱԿ-ը, ասում եմ, 500 հոգի, որ էսօր այլանդակությունները գնում ա վիրավորանք, ամոթ ա, ֆեյքերով երկիր չես կարա կառավարես»,- ասաց Ծառուկյանը՝ հավելելով, որ այսօր ծայրահեղ վիճակ է բոլոր ոլորտներում։

«Այո, այսօր համաճարակը ձախողված ա, դուք եք արել։ Ինչ ասում եմ, արդարացի եմ ասում, որեւէ մեկը չփորձի ասի Ծառւկյանն այսօր ուզում ա դիվիդենտ հավաքի, անձնական շահի, ով ասում ա, թող լինի ամենավերջին մարդը, դավաճան կամ թուրք լինի։ Այսօր այս երկրում ապրում եք, խնդրեմ, սարքում են թղթերը, տալիս են Փաշինյանին 5 հատ տուն, որ զանգահարի։ Մի հատ գնացեք իրական կյանքը նայեք։ Նայեք Ծառուկյանն ինչ ա արել համաճարակի համար, ախտահանել Երեւան քաղաքով, մարդկանց ցանկացածով, որեւէ մեկը չի եղել՝ ասի՝ ծանոթ-բարեկամ-կուսակցական։ Միայն կարող ենք միասնական, 24 ժամ պատրաստ ենք խնդիր կարգավորել, կամ չեք տիրապետում, կամ չեք հասկանում, կամ թույլ չեն տալիս ձեզ։ Անփող տնտեսկան հեղափոխություն չի լինում։ Ասում ա՝ ժողովուրդ, դուք աղքատ եք, հարկավոր ա գլխով հարուստ լինել, դա ղեկավարի ասած ա՞։ Մարդը ո՞նց հարուստ լինի, պայմաններ ստեղծեք, խոսք եք տվել։ Ցանացած հեղափոխություն, որ գալիս են իշխանության, խոստումներ են տալիս՝ տեղին-անտեղին, ինչ ցանկանում ա լսել, բայց ժողովուրդը սպասում ա՝ երկու տարի։ Նույն հենց իրան հեղափոխություն բերողները՝ ժողովուրդը, խժռում ա իր զավակներին, որովհետեւ ուզում ա ինչ-որ բան կատարվի»։ 

Անդրադառնալով իր վերաբերյալ քրեական գործին՝ Ծառուկյանը հարց հնչեցրեց․ «Ծառուկյանը գումար տվել ա՞, կա այդպիսի ապացույց։ Իմ սկզբունքից հետ չեմ կանգնելու, ես էս երկիրը սիրում եմ, ամեն ինչ արել եմ անշահադիտական, շահի համար արողը թող թուրք լինի, դավաճան լինի, բայց երկրորդ քաղաքական ուժը, ընդդիմադիր դեմքը, բերել՝ ասում են՝ ընտրակաշա՜ռք․․․մենք հայ ենք, Ծառուկյանի վրա գործ եք հարուցել, վախում ե՞ք, հանրությունը Ծառուկյանի կողքին ա, էսօր ամբողջ ներքին զորքերը դրել եք, ուղարկել եք մարզերը՝ փակելով, մարդկանց պառկացնելով, փռելով։ Որ գալիս էիք իշխանության՝ ասում եք՝ անկախություն, ազատություն»։

ԲՀԿ ղեկավարի պնդմամբ՝ երեք ամիս հետո սով է լինելու․

«Դրա տակից չեք կարա դուրս գաք, էսօր ոչ մեկը փող չի տալիս ձեզ, չի վստահում, քաղաքական կայունություն չկա։ Ամբողջ աշխարհում արտաքին քաղաքականությունում հարաբերությունները փչացրել եք։ Ոզում եք ահաբեկեք, չոռ բանը չի կպնի մարդուն, դուք ասում եք՝ կաշառք, կա՞ մեկը, որ ասում ա՝ Ծառուկյանը էդ գումարը տվել ա ինձ՝ տանեմ, կաշառք տամ։ Այսօր ես գործարար եմ։ Չէ, սեփականատեր եմ, կներեք։ Բոլոր կառույցները կառավարվում են, ես ի՞նչ կապ ունեմ կառավարման հետ, խնդիր, հարց կա՞, ասեք՝ կպատասխանեք։ Ավելի եք հիասթափվելու, որ էսօր դուք ուժ եք կիրառում, մարդկանց պառկացնելով, փռելով։ Մենք հլը հանրահավաք չենք արել, երբ արտակարգ իրավիճակը կհանեք, նոր էն ժամանակ կանենք, եւ ամեն մարդ պետք է իմանա իր ասածները, խոսքը պետք է պահվի։ Ոչ մի խոսք չի կատարվել, բոլորը ձախողման մեջ ա»։

Գագիկ Ծառուկյանը դարձյալ կրկնեց, որ ինքը պատրաստ է ցանկացած հարցի պատասխանել, եթե օրենքը բոլորի «վրա է ազդում»․

«Բայց շինծու գործն ամոթ ա։ Դրանով Ծառուկյանին ավելի հերոսացնում եք, որովհետեւ անկարող եք ինչ-որ հարցադրում դնել, փոխարենը աջակցի, քայլ կատարի միասնական․․․ ինձ ոչ պաշտոն ա պետք, ոչ ճանաչում, ունեմ։ Ժողովուրդը հավատում էր ձեզ, բայց էսօր 5 տոկոսն էլ չի հավատում։ Ես որեւիցե խնդիր չունեմ, օրենքի առաջ մարդու գլխին գործ են սարքում։ Չկա տենց մարդ, որ ես տված լինեմ, այ ձեր ցավը տանեմ։ Էսօր Ծառուկյանը խանգարում ա՞, ավելի շատ խանգարելու եմ՝ իրականությունը ներկայացնելու եմ։ Ինչո՞վ եմ ձեզ խանգարել բացի աջակցել օգնելուց»,- ԱԺ-ում իր ելույթում ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նշենք, որ ելույթից հետո Ծառուկյանին խորհրդարանի բակից ԱԱԾ տարան ԱԱԾ աշխատակիցները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել