Արագիլների գործը կարճվել է. քննչական կոմիտեն ասում է, թե սատկածը 4 արագիլ է, հանցակազմ չկա
 |hetq.am|
09:57 - 16 հունիսի, 2020

Արագիլների գործը կարճվել է. քննչական կոմիտեն ասում է, թե սատկածը 4 արագիլ է, հանցակազմ չկա |hetq.am|

hetq.am: Քննչական կոմիտեն մայիսի 22-ին կարճել է Արարատի մարզում արագիլների աղտոտման վերաբերյալ քրեական գործը: Գործը հարուցվել էր 2019 թ. սեպտեմբերի 12-ին, բայց արագիլների աղտոտման մասին հանրությունը տեղեկացավ անցյալ տարվա ամռանը:

Դեռեւս 2019-ի ամռանը բնապահպաններն ու թռչնաբանները բարձրաձայնել էին Արարատի մարզի 10-ից ավելի համայնքներում հայտնաբերված աղտոտված արագիլների մասին: Հուլիսի 20-ին Կենդանաբանության եւ հիդրոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակից Լյուբա Բալյանը հայտնել էր, որ օրեր առաջ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտ են տարել արագիլի առանձյակ, որն ամբողջությամբ պատված է եղել կեղտի եւ ճենճի հաստ շերտով, ինչի պատճառով անընդունակ է եղել թռչել: Փետուրների արտաքին զննման արդյունքում բացահայտվել էր, որ դրանց վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ:

Բնապահպանները ենթադրում էին, որ թռչունների աղտոտման պատճառը հարակից ձկնաբուծարաններից շրջակա միջավայր (մասնավորապես՝ ջրանցքներ) թափվող մնացորդներն են, ավելի կոնկրետ՝ թառափի թափոնները (թառափը յուղոտ ձուկ է), որոնք կեր են դարձել արագիլների համար:

Ավելի ուշ շրջակա միջավայրի նախարարությունը «Հետքին» հայտնել էր, որ կեղտոտված արագիլների հայտնաբերվել են Արարատի մարզի 11 գյուղում, իսկ Կենդանաբանության ինստիտուտի աշխատակիցներն Արարատյան դաշտում կատարած շրջայցերի արդյունքում նշել էին այդպիսի 20 գյուղ: Պարզվել էր, որ խնդիրն ավելի մեծ եւ ընդգրկում է Մասիսի, Արտաշատի ու Էջմիածնի տարածաշրջանները: Նույն ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը «Հետքի» հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը Հրազդան գետի աղտոտվածությունն է:

 

 

Սեպտեմբերի 12-ին հարուցվել էր քրգործ ՔՕ 284 հոդվածի հատկանիշներով, որը վերաբերում է վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելուն: Այս մասին տեղեկացրել էին ոստիկանությունից: Արագիլների մասին նյութերը գլխավոր դատախազությունից ուղարկվել էին Արարատի մարզի դատախազություն, այստեղից էլ՝ ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ կատարվել էր հետաքննություն, ու քրեական գործ էր հարուցվել: Այնուհետեւ նախաքննություն կատարելու համար գործն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: ՔԿ-ի տեղեկատվության եւ  հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռիմա Եգանյանի ուղարկած պատասխանից տեղեկանում ենք, որ նախաքննությունն ընթացել է ոչ թե 284, այլ 287 հոդվածի հատկանիշներով:

ՔՕ 284 հոդվածը, մասնավորապես, սահմանում է՝ «արգելված վտանգավոր քիմիական եւ կենսաբանական նյութեր կամ թափոններ արտադրելը, դրանք օգտագործելու, պահպանելու, տեղափոխելու, ոչնչացնելու կամ դրանց գործածության անվտանգության կամ այլ կանոնները խախտելը, եթե դա մարդու առողջությանը կամ շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու վտանգ է ստեղծել...»: 287 հոդվածը վերաբերում է ջրերի աղտոտմանը, որում ասվում է. «Մակերեսային կամ ստորերկրյա ջրերը, խմելու ջրամատակարարման աղբյուրներն աղտոտելը, աղբոտելը, խցանելը, սպառելը կամ դրանց բնական հատկությունները կամ որակական բաղադրությունն այլ կերպ փոփոխելը, եթե այդ արարքները դիտավորությամբ կամ անզգուշությամբ կենդանական կամ բուսական աշխարհին, ձկնային պաշարներին, անտառային կամ գյուղացիական տնտեսությանն էական վնաս են պատճառել...»: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել էական վնաս պատճառելու վտանգ ստեղծելու եւ հենց էական վնաս պատճառելու տարբերությանը:

Քննչական կոմիտեին հարցրել էինք, թե ինչ փուլում է գործը, արդյոք կան կասկածյալներ, եւ առհասարակ գործի առնչությամբ ինչ տեղեկություններ կարող է հայտնել ՔԿ-ն:

Բնապահպանները թերահավատ էին, թե իրավապահները կբացահայտեն մեղավորներին: Օրինակ՝ թռչնաբան Կարեն Աղաբաբյանը նշել էր, թե չի կարծում, որ պատճառը կբացահայտվի կամ հնարավոր կլինի ապացուցել, հատկապես երբ նախորդ ամռանը հնարավոր չեղավ ապացուցել: Գիտաշխատող, կենդանաբան Լյուբա Բալյանն էլ «Հետքին» ասել էր, որ առանձնապես մեծ ակնկալիքներ չունի քրգործից՝ հաշվի առնելով, թե ինչպես է այն ընթանում:

Բալյանը թերահավատ էր, որ իրավապահները կկարողանան ինչ-որ արդյունք գրանցել, ու թերեւս կհայտարարեն, որ տվյալների կամ փաստերի բացակայության պատճառով չի հաջողվել գործը բացահայտել: Մեր զրուցակիցը նկատել էր, որ եթե անգամ կասկածյալ չկա (2020-ի փետրվարի դրությամբ), ապա կա՛մ իրավապահներն են ուշ սկսել հավաքել փաստերը, կա՛մ պարզապես գործը բացահայտելու կամքն է բացակայում:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել