ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարն Ադրբեջանին կոչ է արել չոտնահարել քաղաքացիների իրավունքները |tert.am|
17:31 - 03 մարտի, 2020

ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարն Ադրբեջանին կոչ է արել չոտնահարել քաղաքացիների իրավունքները |tert.am|

tert.am: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովին, որում անհանգստություն է հայտնել վերջերս Բաքվում տեղի ունեցած խաղաղ ցույցերի ժամանակ բռնության կիրառման և ակցիայի մասնակիցների ցրման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:

Միյատովիչի խոսքով՝ խաղաղ ցուցարարները ակցիաներին ներկայության և ակտիվ մասնակցության համար չպիտի ենթարկվեն պատիժների, իսկ իշխանությունները պետք է հետաքննեն ցուցարարների և լրագրողների վնասվածքներ ստանալու դեպքերը:

«Ինձ նաև հայտնի է դարձել, որ մի քանի ցուցարարներ ձերբակալվել են մինչև ծրագրավորված ակցիաների սկսվելը և ավտոբուսներով տեղափոխվել են այլ վայրեր, երբեմն Բաքվից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, ինչը հնարավորություն չի տվել նրանց մասնակցել ցույցերին»,-ասված է հանձնակատարի նամակում:

Ադրբեջանի ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովը պատասխան նամակ է ուղարկել Միյատովիչին, որում նշել է, որ մի խումբ անձինք բողոքի ակցիա էին անցկացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև, որտեղ «Տրանսպորտի ինտենսիվ շարժ և խիտ բնակչություն կա»:

«Ուշադրության առնելով այդ շրջանի բնակիչների՜ ներքին գործերի նախարարությանն ուղղված չդադարող բողոքները, այնտեղ ուղարկվել են ոստիկանական ուժեր: Չնայած ակցիան դադարեցնելու պահանջներին՜ դրա կազմակերպիչները ականջալուր չեն եղել կոչերին»,-ասված է նամակում:

Իր խոսքի եզրափակիչ մասում Ադրբեջանի ներքին գործերի նախարարը վստահեցրել է, որ «Ադրբեջանի իշխանությունները գործում են հավաքների ազատության մասին օրենքի սահմաններում, իսկ Ադրբեջանի օրենսդրությունը շատ ավելի լիբերալ և մարդասիրական է, քան Եվրոպայի մի շարք երկրների օրենքները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել