Գեղախաչ գետի վրա կառուցվող ՓՀԵԿ-ում վերսկսվել է շինարարական աշխատանքների նախապատրաստությունը․ Ալեքսանդր Քանանյան
14:18 - 03 մարտի, 2020

Գեղախաչ գետի վրա կառուցվող ՓՀԵԿ-ում վերսկսվել է շինարարական աշխատանքների նախապատրաստությունը․ Ալեքսանդր Քանանյան

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի հայրենակիցներ։ Քիչ առաջ տեղեկութիւն եմ ստացել, որ Ծարի հարեւանութեամբ՝ Տրտուի (Թարթառի) վտակ Գեղախաչ գետի վրայ կառուցուող ապաւրինի ՓՀԵԿ֊ում վերսկսուել է շինարարական աշխատանքների նախապատրաստութիւնը։ Ծար֊Ջերմաջուր խաչմերուկից վերեւ բեռնատարները խողովակներ են փոխադրում։

Եթե այս գործողութիւնները մի տխմար աշղեկի ինքնագործունէութեան հետեւանք չեն, ապա մենք ականատես ենք Արցախի քրէական ոլիգարխիայի իմ վաղուց կանխատեսած հերթական հնարաւոր նենգութեան՝ ոտնձգել վերսկսել շինարարութիւնը հէնց նախընտրական շրջանում։ Նրանք լաւագոյնս իրազեկուած են, որ շինարարական աշխատանքների ամենափոքր ծաւալով վերսկսումը՝ պայմանական մի հողաթմբիկ քանդելն իսկ անմիջապէս զրոյացնելու է կառավարութեան հետ ձեռք բերուած բոլոր պայմանաւորուածութիւնները եւ յանգեցնելու է իմ ազգային դավադրութեան կոչին։ Դիմադրութեան շարժումը նախընտրական փուլում նրանք ստորաբար որակելու են որպէս Արցախում տեղական վարչարարի ու խորհրդարանի ընտրութիւնները «տապալելու փորձ»։

Արցախի կառավարութիւնը պարտաւոր է այսաւր իսկ՝ մինչեւ ժամը 15.00֊ն խստագոյն հրահանգ ուղարկել՝ դադարեցնել խողովակների տեղափոխութիւնը, շինարարական տեխնիկան իջեցնել կայանման գաւտի եւ բացառել յետագայ որեւէ տեղաշարժ։ Քրէական ոլիգարխիան պէտք է գիտակցի, որ այս խարդաւանքը՝ նախորդ բոլոր ճղճիմ մեքենայութիւնների պէս յանգեցնելու է նրանց իսկ համար շատ լուրջ ու վատթար հետեւանքների։

ՀՀ կառավարութիւնը նոյնպէս պէտք է գիտակցի Արցախում այդ կիսակառոյց ՓՀԵԿ֊ի սեպհականատէր ոլիգարխի խուլիգանական գործողութիւնների հնարաւոր խիստ բացասական ազդեցութիւը եւ իր սահմանադրական պարտականութիւնների շրջանակում բացառի յայտնի յանցագործի՝ նախընտրական փուլում անկայունութիւնը արհեստականաւրէն սերմանելու ոտնձգութիւնները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել