Ունենք խնդիրներ ենթակապալառուների հետ, քանի որ «Կորսան» ընկերությունը գնում է սնանկացման պրոցեսով. Տիգրան Ավինյանը՝ Հյուսիս-Հարավի մասին |tert.am|

14:43 - 02 հոկտեմբերի, 2019

tert.am:  ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց Հյուսիս-հարավ ճանապարհից:


«Հյուսիս-հարավի ճակատագրի մասին ի՞նչ եք մտածում, մեկ տարի է՝ աշխատանքները կանգնել են, մասնավորապես, Աշտարակ-Թալին հատվածում: Այդտեղ աշխատանքները վերջնական փուլի հասցված չեն, և ճանապարհները սկսվում են քանդվել»,- ասաց նա և բերեց վիճակագրություն, թե կիսատ աշխատանքների պատճառով ունեցել ենք 10 զոհ, 92 մարմանական վնասվածք, 130 նյութական վնասով ՃՏՊ-ներ:

«Հիմա ինձ տեղեկացնում են Թալին-Լանջիկ-Գյումրի հատվածի մասին, որտեղ չինական ընկերություններն են աշխատում գրեթե աշխատանք չի կատարվում. ի՞նչ լուծումներ ենք տեսնում, ի՞նչ պիտի արվի»,- ասաց նա:


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանելով հարցին, նշեց, որ Գորգիսյանի մատնանշած հատվածը երկրորդ տրանշն է, և այդ հատվածի հետ կապված ունեն որոշակի խնդիրներ «Կորսան» ընկերության հետ:

«Ունենք, այո, խնդիրներ ենթակապալառուների հետ, քանի որ «Կորսան» ընկերությունը գնում է սնանկացման պրոցեսով: Մենք այս պահի դրությամբ միակողմանի պայմանագրի խզման պրոցեսում ենք, և ամենայն հավանականությամբ լինելու է նաև արբիտրաժային գործընթաց»,- ասաց նա:

Փոխվարչապետը նշեց, որ այդ պրոցեսով արագացրել են ճանապարհի շինարարությունը, քանի որ փաստացի դեպի սնանկության գնացող ընկերությունն ունակ չէր լինելու ճանապարհի այդ հատվածը կառուցել: Նա հավելեց, որ այս պահի դրությամբ քննարկվում են միջազգային ֆինանսական գործընկերոջ հետ, թե ինչ ճանապարհով են առաջնորդվելու:

«Ամենայն հավանականությամբ մեկ լոտով դա դրվելու է մրցույթի, տեղական և միգուցե միջազգային ընկերությունները մասնակցեն այդ մրցույթին, որպեսզի ճանապարհի այդ հատվածը կառուցվի»,- նշեց նա:

Փոխվարչապետը նաև նշեց, որ մի փոքր զարմացած է Գորգիսյանի բերած վիճակագրությունից ճանապարհի զոհերի և պատահարների վերաբերյալ: «Անկեղծ ասած՝ ինձ համար մի փոքր զարմանալի էր ինձ համար Ձեր բերած վիճակագրությունը ճանապարհի այդ հատվածի վթարների հետ կապված, որովհետև այդ ճանապարհի մեծ մասը չի շահագործվում, և չգիտեմ՝ որքանով են Ձեր հնչեցրած թվերը համադրելի ճանապարհի այդ հատվածում տեղի ունեցող պատահարների հետ»,- նշեց նա:

Անդրադառնալով երրորդ տրանշին՝ փոխվարչապետն ասաց, որ չինական ընկերություններն այդտեղ ինտենսիվ աշխատանքներ են իրականացրել: «Մենք այս պահին բանակցություններ ենք վարում չինական ընկերության հետ ծրագրում որոշակի փոփոխություններ կատարելու հետ կապված, և այդ փոփոխությունները պետք է վերջնական համաձայնեցվեն կառավարության հետ, որից հետո ծրագիրը շարունակվելու է: Երրորդ տրանշի հետ կապված ծրագրային ֆինանսավորումն այս տարվա մեծամասամբ կատարվել է, եթե չի գերակատարվել: Այնտեղ ունենք բնականոն ընթացք»,- ասաց նա:

Գորգիսյանն էլ հետաքրքրվեց. «Եթե «Կորսանից» ձեռ ենք քաշում, այդ պարագայում ի՞նչ է լինելու այդ ենթակապալառուների հետ»:

Ավինյանը նշեց, որ ենթակապալառուները մի լուծման տարբերակ էին առաջարկել՝ բյուջետային վարկի տրամադրում «Կորսանի» պարտավորության չափով, բայց վարկը որոշակի գրավի դիմաց կարող էին տրամադրել: Ըստ Ավինյանի՝ ենթակապալառուները չեն համաձայնել, հիմա փորձում են այլընտրանքային լուծումներ գտնել նրանց համար:

Ավինյանը հավելեց, որ երրորդ տրանշի հետ կապված կա հարուցված քրեական գործ, և այնտեղ խոշոր չափի վատնումների ծավալներ կան, որոնք հիմա գտնվում են Քննչական կոմիտեում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել