«Եթե գիտական կողմը չկա, մնացածը էմոցիոնալ, սիրողական մակարդակի խոսակցություն է». Ավինյանը՝ ծառերի փոխարինման ծրագրի մասին |hetq.am|
11:00 - 08 ապրիլի, 2024

«Եթե գիտական կողմը չկա, մնացածը էմոցիոնալ, սիրողական մակարդակի խոսակցություն է». Ավինյանը՝ ծառերի փոխարինման ծրագրի մասին |hetq.am|

hetq.am: Երևանի քաղաքապետարանի ապրիլի 8-ի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նախորդ շաբաթ էկոակտիվիստների հետ հանդիպմանն ասել էր՝ ժամանակավորապես կդադարեցնեն ծառերի փոխարինման ծրագիրը՝ ակնկալելով, որ որոշակի գիտական շրջանակներից կստանան գրավոր հիմնավորումներ, որոնք նվազագույնը հարցականի տակ կդնեն նախորդ 20-ից ավելի գիտնականների ընդունած փաստաթուղթը։

Ավինյանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին հարցրեց՝ արդյոք որևէ մեկը ներկայացրել է գրավոր հիմնավորում։

«Որևիցե նորություն չունենք, որևէ մեկը գիտական հանրության կամ գիտնականների կողմից որևիցե հակափաստարկ մինչ այս պահը չի ներկայացրել։ Ավելին, գիտությունների ազգային ակադեմիայում նախաձեռնվել է քննարկում, որին մասնակցել են տարբեր շահագրգիռ գերատեսչություններ։ Բացառությամբ մեկ անձի, բոլոր հիմնական հռետորները խոսում էին, որ թեղիները Երևան քաղաքից պետք է հանվեն, դա ակնհայտ է։

Կենսաբազմանության, Էկոնոսֆերայի ինստիտուտն էր ուզում ներգրավված լիներ, խոստացել եմ, որ գիտատեխնիկական խորհուրդ կհրավիրվեն նաև այդ գերատեսչություններից մեկական գիտնականներ։

Գիտությունների ազգային ակադեմիան ասում էր, որ որևիցե ինստիտուտ մինչ այս պահը չի հետազոտել, դե կներեք, շատ վատ է, որ մինչև էս պահը չի հետազոտել, որովհետև այս խնդիրը 2000-ականներից կախված է Երևանի գլխին և առաջացնում է պրոբլեմներ։

Եթե ինչ-որ մեկը ցանկություն կունենա ավելի ակնհայտ բանն ավելի մանրակրկիտ հետազոտելու, կարծում եմ, դա տվյալ գերատեսչության խնդիրը կլինի»,- հայտնեց Բեգոյանը։

Ըստ նրա՝ ԳԱԱ-ում քննարկման հիմնական մեխն այն էր, որ թեղիները սպառել են իրենց, թեղիները Երևանի կլիմային այդքան էլ հարմար ծառատեսակներ չեն եղել, թեղիները բերվել են Երևան հեշտ և արագ լուծում տալու համար, և որ դրանք պետք է փոխարինվեն հետագա տարիների ընթացքում։

Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ նախորդ տարվա փետրվարի 23-ին գիտական աշխատաժողովի ժամանակ 25 գիտնականներ պնդել են՝ Երևան քաղաքի կանաչ տնկարկները լիարժեք չեն կատարում քաղաքային միջավայրին անհրաժեշտ էկոհամակարգային ծառայություններ, սանիտարական, էկոլոգիական և գեղագիտական։

«Եթե կա գիտական դեբատ, մեծ հաճույքով ևս մեկ շրջափուլ անցկացնենք, հասկանանք՝ միգուցե կա որոշակի ճշմարտություն, որ բաց ենք թողել։

Այնուամենայնիվ, որպեսզի խոսակցությունը չլինի սիրողական մակարդակի, եթե գիտական կողմը չկա, մնացածը էմոցիոնալ, սիրողական մակարդակի խոսակցություն է»,- ասաց Ավինյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել