Դավիթ Գրիգորյանի պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ԱԱԾ որոշման դեմ բողոքը քննող դատավորին |news.am|
08:00 - 24 հոկտեմբերի, 2019

Դավիթ Գրիգորյանի պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ԱԱԾ որոշման դեմ բողոքը քննող դատավորին |news.am|

news.am։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ մեկնարկեց դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարելիս քննիչի կողմից ենթադրյալ հանցավոր արարքներ կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու ԱԱԾ քննիչի որոշման դեմ բողոքի քննությունը։

Նիստի մեկնարկին Գրիգորյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Աննա Մաթեւոսյանին։ Փաստաբանը հիշեցրեց, որ Մաթեւոսյանն այն դատավորն է, որը թույլատրել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնել։

Երվանդ Վարոսյանի պնդմամբ՝ խուզարկությունը թույլատրելու որոշում կայացնելով, դատավորը օրինական է համարել քննիչի կողմից Գրիգորյանի աշխատասենյակում մինչ այդ իրականացված գործողությունները՝ մասնավորապես առգրավումները։

«Դուք Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու թույլտվություն տալով, օրինական եք համարել քննիչի կողմից մինչ այդ իրականացված գործողությունները։ Խուզարկություն կատարելու որոշման պահին Գրիգորյանը եղել է փաստացի մեղադրյալի կարգավիճակում, եւ նրա նկատմամբ իրականացվել է քրեական հետանդում՝ առանց ԲԴԽ համաձայնության, ինչի պայմաններում դուք բավարարել եք նրա աշխատասենյակում խուզարկություն կատարելու միջնորդությունը»,–ասաց նա։

Վարոսյանը միաժամանակ նկատեց, որ տարօրինակ է, թե ինչպես է արհեստական բանականություն ունեցող համակարգիչը բողոքը մակագրել նույն դատավորին, այն պարագայում, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մի քանի տասնյակ այլ դատավորներ կան։

Այսպիսով, ըստ պաշտպանի՝ Աննա Մաթեւոսյանը չի կարող անաչառ քննել գործը եւ այս գործով անկողմնակալ որոշում կայացնել։

Գործով դատախազ Էդգար Արսենյանը առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ պաշտպանները հիմնավոր փաստարկներ չներկայացվեցին։

Այսպիսով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել