Դավիթ Գրիգորյանի գործով բողոքի քննությանը դատավորը ինքնաբացարկ հայտնեց |pastinfo.am|
08:55 - 24 հոկտեմբերի, 2019

Դավիթ Գրիգորյանի գործով բողոքի քննությանը դատավորը ինքնաբացարկ հայտնեց |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանների բողոքի գործով քննությանը նախագահող դատավոր Աննա Մաթևոսյանը քիչ առաջ ինքնաբացարկ հայտնեց` այդպիսով բավարարելով փաստաբանների ավելի վաղ հայտնած միջնորդությունը։

Այսօրվա դատական նիստին Դավիթ Գրիգորյանի փաստաբաններից Երվանդ Վարոսյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավորին.

«Դուք, Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու թույլատրություն տալով, օրինական եք համարել քննիչի կողմից մինչ այդ իրականացված գործողությունները։ Խուզարկություն կատարելու որոշման պահին Գրիգորյանը եղել է մեղադրյալի կարգավիճակում, և նրա նկատմամբ իրականացվել է քրեական հետանդում առանց ԲԴԽ համաձայնության, ինչի պայմաններում Դուք բավարարել եք նրա աշխատասենյակում խուզարկություն կատարելու միջնորդությունը»,–ասել էր նա` միաժամանակ ընդգծելով, որ տարօրինակ է, թե ինչու է արհեստական բանականություն ունեցող համակարգիչը բողոքը մակագրել նույն դատավորին, ով տվել էր խուզարկության թույլտվությունը։ Պաշտպանների այս միջնորդության դեմ առարկել էին դատախազն ու քննիչը։

Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը։ Այդպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող եւ նախկին նախագահները, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։

Հուլիսի 16-ին ՀՔԾ աշխատակիցները մեկ այլ քրեական գործի շրջանակում խուզարկել էին Գրիգորյանի աշխատասենյակը եւ կնիքել այն։ Աշխատասենյակից կատարվել էին առգրավումներ։ Սրանից հետո նրա պաշտպանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որտեղից նյութերն ուղարկել էին Դատախազություն: Դատախազությունն էլ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկել էր ԱԱԾ: Հուլիսի 30-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով և 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում էր կայացրել:

Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները դադարեցված են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել