Ես առաջարկելու եմ, որ հիփոթեքային վարկի դեպքում եկամտային հարկի վերադարձի գործիքը վերանայվի. Անանյան |news.am|
09:39 - 16 հոկտեմբերի, 2019

Ես առաջարկելու եմ, որ հիփոթեքային վարկի դեպքում եկամտային հարկի վերադարձի գործիքը վերանայվի. Անանյան |news.am|

news.am։ Եթե հիփոթեքային վարկավորման դեպքում եկամտային հարկի վերադարձման գործիքը սոցիալական ուղղվածություն ունի, ապա այդ գործիքը պետք է գործի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Իսկ եթե դա բիզնեսին նպաստելու նպատակ ունի, ապա ես կարող եմ ասել, որ դա այնքան էլ լավ գործիք չէ եւ դա այն բիզնես ոլորտը չէ, որ պետությունը պետք է բյուջեից օժանդակի: Որովհետեւ կան ավելի արտահանելի հատվածներ կամ արտահանմանը միտված բիզնես ճյուղեր, որտեղ օրինակ պետությունը շատ ավելի արդյունավետ կարող է այդ գումարները ծախսել»,-ասաց Անանյանը:

Նա նշեց, որ այս պահի դրությամբ բյուջեից այդ նպատակով հետ է վերադարձվել 5,5 մլրդ դրամ: «Այո մենք ունենք հաշվարկներ, որ գործարքից ավելի քիչ գումարներ են գալիս, քան այդ ամբողջ ժամանակահատվածում հիփոթեքային վարկավորման ժամանակ եկամտային հարկի վերադարձն է»,-ասաց նա:

ՊԵԿ նախագահը նաեւ հավելեց, որ եթե այս գործիքը սոցիալական ուղղվածություն ունի, ապա այո, պետք է որոշակիորեն սահմանաչափերը վերանայել. «Արդյոք 55 մլն դրամն է սոցիալական խնդիր լուծելու առումով լավագույն շեմը: Իմ կարծիքով ավելի լավ կլիներ, որ այդ շեմը լիներ 35 մլն դրամ: Եթե սա դիտարկում ենք որպես բիզնեսի խթանում, ապա բնակարանաշինությունը ամենաառաջնային ոլորտը չէր, որտեղ պետք էր մենք ներդրումներ կատարեինք:

Երբ ծրագիրն սկսում էինք, եկամտային հարկի վերադարձը մի քանի մլն դրամի մասին էր, իսկ այս տարի այդ թիվը կարող է հասնել 8-9 մլրդ դրամի: Հաջորդ տարի այդ բեռը որքան է լինելու, պետք է դա էլ հաշվարկել, թե մենք կարողանալո՞ւ ենք այդ բեռը տանել: Իմ կարծիքով, մի քիչ դժվարություններ կլինեն»:

Նա հանգստացրեց բնակչությանը, որ այս պահին կառավարությունում այդ գործիքը հանելու շուրջ քննարկում չկա. «Բայց ես կառավարությունում այդպիսի հարց բարձրացնելու եմ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել