ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով
16:10 - 09 մայիսի, 2024

ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն արձագանքել է սոցիալական ցանցերով տարածվող լուրերին, թե ոստիկաններն Աբովյանում փակել են ճանապարհները, որպեսզի մարդիկ չկարողանան լքել քաղաքն ու հասնել Երևան՝ մասնակցելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքին։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասել է․

«Նշված ճանապարհի երթևեկությունը մի պահ դադարեցվել է դեպի Երևան եկող երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Երթի այդ հատվածով անցնելուց հետո ճանապարհը բացվել է։ Այս պահին դադարեցված է միայն Հանրապետության հրապարակի երթևեկությունը՝ հավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, իսկ հանրապետությունում այլ փակ ճանապարհներ չկան։ Կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել»։ 

Նշենք, որ Բագրատ Սրբազանը երթի ընթացքում հայտարարել էր՝ իրենց տեղեկություններ են հասնում, որ Աբովյանի մոտ ոստիկանությունը փակել է ճանապարհը, եւ չի թողնում ժողովուրդը գա [այսօրվա հանրահավաքին]։

Նա նշել էր՝ չգիտի որքանով են ճշգրիտ տեղեկությունները․ «Եթե դա ճիշտ է, Վահե Ղազարյան, Ձեզ եմ դիմում, դադարեցրեք ապօրինություններ գործերը, մարդկանց ավելորդ ձեր դեմ տրամադրելու գործողություններ մի կատարեք», - նշել էր նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել