Ղազախստանը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ. Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հարցազրույցը |armenpress.am|
11:46 - 13 ապրիլի, 2024

Ղազախստանը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ. Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը։

- Հարգելի Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչ, այս տարվա սեպտեմբերին լրանում է Հայաստանի և Ղազախստանի միջև Բարեկամության ու համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Ինչպե՞ս կբնութագրեք հայ-ղազախական հարաբերությունների զարգացման ներկայի դինամիկան։

- Այս տարին հիրավի առանձնահատուկ ու խորհրդանշական է երկկողմ հարաբերությունների համար՝ թե՛ նշանակալից ամսաթվերով, թե՛ իմաստալից բնույթով։

Ղազախստանի և Հայաստանի կողմից 1999 թվականին ընդունված հիմնարար միջպետական ​​փաստաթուղթը՝ Բարեկամության ու համագործակցության մասին պայմանագիրը, հուսալի հիմք դրեց ղազախ-հայկական բազմակողմ հարաբերությունների համար։ Այս տարիների ընթացքում մենք խստորեն պահպանել ենք դրա դրույթները՝ ամեն կերպ ընդլայնելով ու խորացնելով կապերը մեր երկրների ու ժողովուրդների միջև։

Ներկա փուլում Աստանայի և Երևանի միջև հարաբերությունները բնութագրվում են բաց քաղաքական երկխոսությամբ, առևտրատնտեսական ոլորտում համագործակցության դինամիկ աճով, մշակութային և հումանիտար շփումների համակողմանի զարգացմամբ։

Մեր երկրները միջազգային հարթակներում համատեղ աշխատանքի դրական փորձ են կուտակել։ Միջազգային տարբեր կառույցներում առաջադրվելիս՝ մեր նախաձեռնություններն ու թեկնածություններն ստանում են փոխադարձ աջակցություն: Սերտ փոխգործակցություն է հաստատվել այնպիսի բազմակողմ հարթակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն և այլն։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հաջողություն մաղթել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահությանը։

Համակարգված զարգանում է միջխորհրդարանական գործընկերությունը։ Դինամիկ իրականացվում է փոխգործակցությունը միջկառավարական մակարդակով։

Իրավական և պայմանագրային դաշտն աստիճանաբար ընդլայնվում է: Հայաստան իմ առաջիկա այցի ընթացքում կընդունենք մի շարք նոր փաստաթղթեր։

Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունների հիմքը առևտրատնտեսական համագործակցությունն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում փոխադարձ առևտուրն աճել է 3,5 անգամ։ 2023 թվականին ապրանքաշրջանառությունն աճել է 23 տոկոսով։ Իհարկե, առևտրի ծավալները չեն համապատասխանում մեր ներուժին, բայց դրա համար կան օբյեկտիվ պատճառներ՝ կապված երկրների միջև բարդ տրանսպորտային լոգիստիկայի հետ։ Այնուամենայնիվ, արտահանման-ներմուծման հնարավորությունները վկայում են փոխադարձ առևտրի զգալի ընդլայնման լուրջ ներուժի առկայության մասին։ Դրա բացահայտ վկայությունն էր վերջերս Երևանում Ղազախստանի և Հայաստանի ձեռներեցների մասնակցությամբ կայացած բիզնես ֆորումը։

Միջպետական ​​փոխգործակցության առանցքային ինստիտուտն Առևտատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովն է: Ի դեպ, դրա ստեղծման օրվանից ևս անցել է 25 տարի։

Մենք վճռական ենք ավելի խորացնելու և ընդլայնելու մեր կապերը։ Մեր մտադրությունների գործնական արտահայտությունն է այս տարի Հայաստանի Արարատի և Արագածոտնի մարզերում Ղազախստանի պատվավոր հյուպատոսների լրացուցիչ գրասենյակներ բացելու որոշումը։

Վստահ եմ, որ կապերի ընդլայնմանը կնպաստեն նաև Աստանայի և Երևանի, ինչպես նաև այլ քաղաքների միջև քույր-քաղաքի կարգավիճակի ստեղծման ծրագրերը։

Գործարար համագործակցությանն ու զբոսաշրջության զարգացմանը նպաստում է 2023 թվականին «Ակտաու-Երևան-Ակտաու» ուղիղ չվերթների բացումը։ Միաժամանակ, ծառայողական այցերի և գործուղումների ավելացման մեր ծրագրերը պահանջում են ուղիղ չվերթների հաստատում երկու մայրաքաղաքների միջև։

Գործնական բնույթ ունի նաև մշակութային և հումանիտար ոլորտը, որն ընդգրկում է արվեստը, սպորտը, զբոսաշրջությունը, կրթությունը, առողջապահությունը և շատ ավելին։

Ընդհանուր առմամբ, բարեկամության, վստահության և փոխըմբռնման վրա խարսխված ղազախ-հայկական հարաբերությունների մակարդակը համընկնում է երկու ժողովուրդների շահերին։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք նոր լիցք հաղորդել Ղազախստանի և Հայաստանի միջև բազմաբնույթ կապերի ողջ շրջանակին։

- Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, հայ-ղազախական համագործակցության ապագան: Փոխգործակցության գերակա ո՞ր ոլորտները կառանձնացնեք և ինչպե՞ս կգնահատեք, մասնավորապես, տնտեսական հարաբերությունները։

- Ինչպես արդեն նշել եմ, առկա է տարբեր ոլորտներում փոխգործակցության հետագա խորացման մեծ ներուժ:

Ուրախալի են Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական հաջողությունները։ Ձեր երկիրն ակնառու արդյունքներ է արձանագրում տնտեսության բոլոր առանցքային ոլորտներում՝ ապահովելով զարգացման բարձր տեմպեր ԵԱՏՄ երկրների մեջ։ Դրա հաստատումն է Հայաստանի նախորդ տարվա ՀՆԱ-ի աճը՝ 8,7 տոկոս՝ գնաճի նվազագույն մակարդակով (սպառողական գների աճը կազմել է ընդամենը 2%)։

Այս առումով մենք չափազանց կարևորում ենք տնտեսական կապերի հետագա համակողմանի զարգացումը։

Այսօր մեր երկիրը պատրաստ է ավելացնել 70 անուն ապրանքի արտահանումը՝ թե՛ հումք, թե՛ պատրաստի արտադրանք՝ 350 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։

Դրանք մետալուրգիական, նավթաքիմիական, սննդի արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսական արդյունաբերության արտադրանքներ են։

Հաշվի առնելով, որ մինչև 2011 թվականը ցորենը դեպի Հայաստան ղազախական արտահանման առաջատար ապրանքներից էր՝ կարևոր եմ համարում ցորենի և այլ պարենային ապրանքների մատակարարումների վերականգնումը Հայաստանի խոշոր առևտրային ցանցերին։ Կարծում եմ, որ մեր հայ գործընկերները նույնպես ունեն նմանատիպ առաջարկներ։

Հեռանկարային է նաև արդյունաբերական համագործակցությունը։ Մեզ համար կարևոր է ստեղծել մեր երկրները կապող համատեղ նախագծեր։

Մեր ներդրումային համագործակցությունը ինտենսիվ զարգացման և խթանման կարիք ունի։ Այսօր Ղազախստանում բարենպաստ ներդրումային միջավայր է ստեղծվել։ Առկա են բոլոր անհրաժեշտ գործիքները օտարերկրյա ներդրումներին աջակցելու համար։

Մեծ հնարավորություններ ենք նկատում նաև թվայնացման ոլորտում։ Ղազախստանը նպատակաուղղված քաղաքականություն է վարում՝ վերափոխվելու ու դառնալու եվրասիական տարածքի ամենամեծ թվային հանգույցներից մեկը։ Միայն վերջին 3 տարվա ընթացքում մեր ՏՏ ծառայությունների արտահանումն աճել է 3 անգամ՝ հասնելով 500 մլն դոլարի։ 2026 թվականին այն պետք է հասնի առնվազն 1 միլիարդ դոլարի։

Տնտեսական համագործակցության խորացման կարևոր գործոն է մեր երկրների միջև ծախսարդյունավետ և արագընթաց ցամաքային լոգիստիկայի ձևավորումը։ Օդային հաղորդակցության ընդլայնումը բիզնեսի և քաղաքացիների համար կապահովի շարժունակություն և նոր հնարավորություններ կբացի զբոսաշրջության ոլորտում։

Իմ նշած բոլոր ոլորտները պետք է դառնան տնտեսական փոխգործակցության անբաժանելի բաղադրիչներ։ Ունենալով բարձր մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ դրանք կնպաստեն հարակից այլ ճյուղերի զարգացմանը։

Ուղիղ պատասխանելով Ձեր հարցին՝ ես մեր հարաբերությունների ապագան տեսնում եմ ընդունված երկկողմ պարտավորությունների խստիվ պահպանմամբ և իրավապայմանագրային դաշտի ընդլայնմամբ, մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերի և համագործակցության ամրապնդմամբ, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում շփումների խորացմամբ։

- Վերջին 15 տարում Ղազախստանը տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համար ներդրել է մոտ 35 մլրդ դոլար: Դուք իրականացնում եք տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման և ձեր երկրի տարանցիկ ներուժի ավելացման կուրսը։ Միաժամանակ ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է միասնական տարածաշրջանային երկաթուղային ցանցին և Հյուսիս-Հարավ ու Արևելք-Արևմուտք մայրուղիներին միացնել Պարսից և Օմանի ծոցերը, Սև, Կասպից և Միջերկրական ծովերը: Ձեր կարծիքով, ի՞նչ մուլտիպլիկատիվ էֆեկտի կարող է հանգեցնել այս երկու նախագծերի կապակցումը։ Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:

- Դուք իրավացի եք, վերջին 15 տարիների ընթացքում Ղազախստանը զգալի առաջընթաց է գրանցել իր տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման գործում՝ դառնալով Եվրոպայի և Ասիայի միջև կարևոր տարանցիկ հանգույցներից մեկը։ Ղազախստանի տարածքով անցնում է 13 տրանսպորտային միջանցք, այդ թվում ՝ 5 երկաթուղային և 8 ավտոմոբիլային։

Ընդհանուր առմամբ, մեր երկրի տրանսպորտային և լոգիստիկ համալիրի և տարանցիկ ներուժի զարգացման գործում ներդրվել է ավելի քան 10 տրիլիոն տենգե (մոտ 35 միլիարդ դոլար): Կառուցվել և արդիականացվել են հանրապետական նշանակության ավելի քան 13 հազար կմ ավտոճանապարհներ և կառուցվել են 2,5 հազար կմ նոր երկաթուղային գծեր։

Ղազախստանի տարածքով բեռների տարանցման ծավալը 2023 թվականին հասել է 32,3 մլն տոննայի՝ ավելանալով 21 տոկոսով։ Անցած տարի շինարարական աշխատանքներն ընդգրկել են 10,7 հազար կմ ճանապարհ, այդ թվում՝ հանրապետական ​​նշանակության 6,5 հազար կմ ճանապարհ։

Երկաթուղային տրանսպորտի ոլորտում բեռնափոխադրումների ծավալն աճել է 3 տոկոսով՝ հասնելով 297 մլն տոննայի։ Մենք պարբերաբար թարմացնում ենք շարժակազմը, ներառյալ՝ լոկոմոտիվները, բեռնատար և մարդատար վագոնները։

Ծովային տրանսպորտի ոլորտում 2023 թվականին մեր նավահանգիստներով փոխադրումների ծավալը կազմել է 7,2 մլն տոննա, ինչը 11 տոկոսով գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը։ Տերմինալային հզորություններն ընդլայնվում են: Այսպիսով, Կուրիկ ծովային նավահանգստում մասնավոր ներդրումների մասնակցությամբ անցյալ տարի կառուցվել է 1 միլիոն տոննա հզորությամբ հացահատիկի նոր տերմինալ և ձեռք են բերվել 2 նավթատար:

Հեռանկարային տրանսպորտային նախագծերից է Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին (ՏՄՏԵ)։ Եվրասիայի կենտրոնում իր բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ Ղազախստանը կարևոր օղակ է մայրցամաքային տրանսպորտային ճարտարապետության մեջ:

2023 թվականին ՏՄՏԵ-ով բեռների փոխադրումն աճել է 65 տոկոսով՝ հասնելով 2,8 միլիոն տոննայի, այդ թվում ՝ 2,5 անգամ ավելացել է ղազախական արտադրանքի արտահանումը։ Արտահանման հետ մեկտեղ նկատվում է նաև ներմուծման աճ։ Դա իր հերթին ցույց է տալիս եվրոպական ընկերությունների հետաքրքրությունը Տրանսկասպյան երթուղու նկատմամբ։

Անցյալ տարի Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղային անդմինիստրացիաները «մեկ պատուհանի» սկզբունքով լոգիստիկ ծառայությունների կարգավորման, սակագնային քաղաքականության միասնականացման և ՏՄՏԵ-ով փոխադրումների կայունության ապահովման նպատակով ստեղծեցին Middle Corridor Multimodal Ltd համատեղ ձեռնարկությունը:

Ներկայում եվրոպական մի շարք երկրներ ցանկություն են հայտնել միանալ այս երթուղուն, իսկ որոշներն արդեն աշխատանքներ են իրականացնում։

Այս առումով զգալիորեն աճել է Հարավային Կովկասի նշանակությունը Եվրասիայի տրանսպորտային համակարգում։ Ուստի հայկական կողմի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տրանսպորտային նոր գաղափար, արժանի է ուշադրության և համակողմանի ուսումնասիրության՝ այն փոխկապակցվածության տարածաշրջանային լոգիստիկ կառուցվածքին միացնելու տեսանկյունից։

Նախագծերի արդյունավետ առաջխաղացման համար գլխավորն այն է, որ բոլոր շահագրգիռ կողմերը փոխընդունելի պայմանավորվածություններ ձեռք բերեն տարածաշրջանում հաղորդակցությունների հետագա ապաշրջափակման վերաբերյալ։

Տրանսպորտային հաղորդակցության լիարժեք գործունեությունը կարևոր քայլ է ողջ Հարավային Կովկասի տնտեսական ինտեգրման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:

Տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի համակցումը կարող է զգալի մուլտիպլիկատիվ էֆեկտի հանգեցնել ինչպես տարածաշրջանային առումով ՝ միավորելով Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը, այնպես էլ առանձին երկրների համար: Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումն առաջին հերթին ներդրում է, և դրանք նոր տեխնոլոգիաներ են, աշխատատեղեր, սարքավորումների և հումքի մատակարարում, արտադրություն, արտահանման-ներմուծման գործառնություններ, բանկերի աշխատանք: Այսպիսով, կգործարկվեն տնտեսության բոլոր ոլորտները։ Դա դրական ազդեցություն կունենա նաև տարանցիկ միջանցքների երկայնքով շրջանների բարեկեցության վրա։

Ուզում եմ նշել, որ Ղազախստանի և Հայաստանի միջև փոխադրումներն այսօր իրականացվում են հիմնականում ավտոմոբիլային տրանսպորտով, ինչն էապես սահմանափակում է մեր հնարավորությունները։ Այս առումով տարածաշրջանում նոր երթուղիների առաջխաղացումն, անկասկած, կնպաստի երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել