Հայաստանը և ԵՄ-ն հանձնառու են խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում. Ալեն Սիմոնյանը՝ Վասիլիս Մարագոսին
18:26 - 12 ապրիլի, 2024

Հայաստանը և ԵՄ-ն հանձնառու են խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում. Ալեն Սիմոնյանը՝ Վասիլիս Մարագոսին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, խորհրդարանի ղեկավարը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:

«Հայաստանը և Եվրոպական միությունը հանձնառու են ընդլայնել և խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Մենք պատրաստ ենք և տանում ենք աշխատանքներ ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանման, ժողովրդավարական խորհրդարանական մշակույթի ամրապնդման, կարողությունների զարգացման ծրագրերի և այլ ոլորտներում ԵՄ-ի հետ շարունակական համագործակցություն ապահովելու ուղղությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Ըստ աղբյուրի՝ Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել Հայաստանի խորհրդարանի և Եվրոպական միության միջև առկա փոխգործակցությունը` ընդգծելով հարաբերությունների կարևորությունը:

«Ազգային ժողովն առանցքային դերակատարում ունի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների սերտացման հարցում: Համատեղ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք հաջողությամբ առաջ մղել այն ծրագրերը, որոնց իրականացմանը ձեռնամուխ ենք եղել, և հնարավորություն կունենանք ընդլայնելու Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակը»,- ասել է ԵՄ դեսպանը:

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում տնտեսական և էներգետիկ ոլորտների զարգացման հեռանկարները, քաղաքական և անվտանգային երկխոսության ընդլայնման հնարավորությունները, Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը:

Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը, որտեղ քննարկվել են Հայաստանի զարգացմանն ու դիմակայունությանն ուղղված հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել