Այսօրվա աշխարհին պիտի նայենք Վանի թագավորությա՞ն աշտարակից, թե՞ ՀՀ-ի աշտարակից, սրանում է հայեցակարգային բանավեճը. Փաշինյան
 |1lurer.am|
18:05 - 11 ապրիլի, 2024

Այսօրվա աշխարհին պիտի նայենք Վանի թագավորությա՞ն աշտարակից, թե՞ ՀՀ-ի աշտարակից, սրանում է հայեցակարգային բանավեճը. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Այն, ինչ փորձում եմ որպես ծրագիր ներկայացնել, արդյունք է մեր ազգային ինքնության քննության: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատմական և իրական Հայաստանների մասով ավելի վաղ ներկայացրած գաղափարին:

«Ես այսօր էլ եմ ասում՝ մենք սերում ենք Կիլիկիայից, մենք սերում ենք հայկական բարձրավանդակից, մենք սերում ենք Վանի թագավորությունից. խնդիրը դա չէ, կամ ավելի ճիշտ՝ խնդիրը դա է, որովհետև մենք այսօրվա աշխարհին պիտի նայենք Վանի թագավորությա՞ն աշտարակից, թե՞ Հայաստանի Հանրապետության աշտարակից, սրանում է հայեցակարգային մեր բանավեճը»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց. որ Խոր վիրապը՝ մեր քրիստոնեության ակունքը, գտնվում է մի տեղ, որից մի քանի կիլոմետր այն կողմ Թուրքիան է, հայեցակարգային բանավեճն այն է, թե այդ գաղափարն ընդունելի է, թե ընդունելի չէ:

«Ես ասում եմ՝ ՀՀ կառավարություն, և քաղաքական մեծամասնությունն ընդունում է, որ Խոր վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, և ՀՀ կառավարության համար սա անվտանգության ապահովման կարևորագույն միջոց է: Ռազմավարական ընտրությունը հենց սրանում է. երբ մենք ասում ենք՝ Խոր վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիա չկա, մենք ընտրում ենք պատմական Հայաստանը, եթե ասում ենք՝ Խոր վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, մենք ընտրում ենք իրական Հայաստանը, և այս նույն մոտեցումն է նաև Ոսկեպարի դեպքում, որովհետև երբ դու չես համաձայնում դնել սահման քո ու մյուսի միջև, քեզ խառնում ես ուրիշին»,- ասաց վարչապետը և հույս հայտնեց, որ ասվածը չի դիտարկվի նացիստական տրամաբանության մեջ:

Ըստ Փաշինյանի՝ պետք է արձանագրել նաև պատմական Հայաստանի տրամաբանությանը վերադառնալու ռազմավարական անհնարինությունը, և որ հենց այստեղ է իրական բանավեճը ծավալվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել