Եվրամիություն-Հայաստան հարաբերություններն անշեղորեն և դինամիկ զարգանում են. ՀՀ նախագահը՝ ԵՄ պատվիրակության ղեկավարին
18:13 - 26 մարտի, 2024

Եվրամիություն-Հայաստան հարաբերություններն անշեղորեն և դինամիկ զարգանում են. ՀՀ նախագահը՝ ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին:

Ողջունելով հյուրին՝ նախագահը շեշտել է, որ Եվրամիություն-Հայաստան հարաբերություններն անշեղորեն և դինամիկ զարգանում են:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վասիլիս Մարագոսը նշել է, որ իր բոլոր ջանքերը ներդնում է ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդման և ընդլայնման գործին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրամիության հետ համատեղ իրականացվող տարբեր ոլորտային ծրագրերի և նախաձեռնությունների ընթացքի վերաբերյալ օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, կրթության, տնտեսության և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի կյանքի կոչման հեռանկարներին։

ԵՄ պատվիրակության ղեկավարը Հանրապետության նախագահին մանրամասներ է ներկայացրել առաջիկայում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների ծրագրի վերաբերյալ:

Երկուստեք կարևորվել են վերջին տարիներին նաև Եվրամիության աջակցությամբ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ արվող բարեփոխումները:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական խնդիրների համալիր լուծման հնարավորություններին և ուղղություններին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարության վերաբերյալ, որն իր կարևոր դրական ազդեցությունն ունի սահմանային լարվածության նվազման գործում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել