Մեր նպատակն է մեր երկրի շուրջ ստեղծել մի իրադրություն, որ պատերազմն անհնար դառնա․ Փաշինյան
 |armenpress.am|
15:47 - 24 մարտի, 2024

Մեր նպատակն է մեր երկրի շուրջ ստեղծել մի իրադրություն, որ պատերազմն անհնար դառնա․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունն ուզում է ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար։ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր քաղաքական նպատակը հետևյալն է՝  մեր երկրի շուրջ ստեղծել մի իրադրություն, որ պատերազմը դառնա անհնար։ Սա շատ բարդ խնդիր է, չափազանց բարդ խնդիր է, և այստեղ բոլորիս շատ մեծ համբերություն է պետք»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ իշխող քաղաքական ուժը պետք է մթնոլորտ ստեղծի, որ կուսակցական միջավայրում որևէ մեկը չվախենա որևէ միտք արտահայտելուց։ «Սա շատ կարևոր բան է, որովհետև նույնիսկ եթե ես հիմա ասում եմ շատ սխալ բան, իմ բարձրաձայնելն օգնում է, որ արդյունքում ես հասկանամ, որ իմ ասածը սխալ է, իսկ եթե ես դա չբարձրաձայնեմ, մնալու եմ այն համոզմունքի մեջ, որ ես մի ճիշտ միտք ունեմ, բայց մթնոլորտն այնպիսին չէ, որ ես այդ միտքն արտահայտեմ և հազարավոր հարցեր լուծեմ»,- նշել է վարչապետը։

«Հայաստանի կառավարությունը տեսնում է, որ պաշտպանական այն համակարգերը, որոնց միջոցով պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության տարածքի անձեռնմխելիությունը, չեն աշխատում։ Մենք հիմա պետք է գտնենք լուծումներ, թե ինչպես ենք ապահովում մեր երկրի անվտանգությունը։ Ընդ որում, երբ մենք անվտանգության մասին ենք խոսում, միանգամից խոսում ենք բանակի մասին, բայց բանակի մասին պետք է վերջում խոսել, որովհետև երբ բանակը մտնում է գործի մեջ, դա նշանակում է՝ վերջ, ամեն ինչ ավարտվել է, և հիմա գործը բանակինն է։ Մեր անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք, իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել