Տեղի է ունենում շատ ցավոտ անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան․ Փաշինյան
 |armenpress.am|
10:28 - 24 մարտի, 2024

Տեղի է ունենում շատ ցավոտ անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանում և ինչու են այդ գործընթացները ցնցումներ առաջացնում։ Վարչապետը նաև ներկայացրել է, թե որն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունը այս ամենում։

Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին վարչապետը կարևոր համարեց խոսել այս գործընթացների մասին։

«Իմ գնահատմամբ շատ կարևոր է արձանագրել, թե ինչ է մեզ հետ տեղի ունենում։  Ես, օրինակ, այս խնդրի, այս հարցի պարզաբանմանը շատ ժամանակ եմ տրամադրում, որովհետև պետք է արձանագրել, որ մեզ հետ տեղի ունեցածը, շատ իրադարձություններ և իրավիճակներ  ցնցում են մեզ համար․ դրանք և՛ պետության առումով են ցնցում, և՛ մեզանից յուրաքանչյուրի համար անհատական առումով են ցնցում։ Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ։

Երկու օր առաջ Ազգային ժողովի հարց ու պատասխան տեղի ունեցավ, և պատգամավորներից մեկն իր հարցի մեջ օգտագործեց պատմական Հայաստան արտահայտությունը, ես էլ արձագանքեցի, որ ես պատմական Հայաստանի վարչապետը չեմ, ես իրական Հայաստանի, այս Հայաստանի վարչապետն եմ։ Եվ ես ուզում եմ ձեզ հետ կիսել այն միտքը, որ, իմ կարծիքով, տեղի է ունենում ունենում հետևյալը՝ առաջին հերթին մեր մտքերում, ինչ-որ առումով նաև ֆիզիկապես  շատ ցավոտ անցում է տեղի ունենում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան»,- ընդգծեց վարչապետը։

Վարչապետը կարևոր համարեց այս գործընթացի հետ առևերեսվել՝ որպես Հայաստանում կառավարող ուժ։

«Մենք պետք է այս պրոցեսը հասկանանք և այս պրոցեսի մասին մենք պետք է նախ ինքներս մեր մեջ խոսենք և հետո խոսենք ժողովրդի հետ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունն է առաջնորդել և ապահովել Հայաստանի ժողովրդի և պետության անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան և ապահովել իրական Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացումը։

«Կարծում եմ, որ եթե մենք այս ընտրությունը չկատարենք և պատմական Հայաստանը լինի մեր գործողությունների մոտիվացիան, ես վախենամ, որ շատ մեծ կդարձնենք հավանականությունը, որ իրական Հայաստանը կդառնա պատմական Հայաստնա»,-եզրափակեց Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև ժողովուրդի կողմից ստեղծված սահամանադրության անհրաժեշտության մասին՝ նշելով, որ այսօր այդպիսի սահմանադրություն չկա։

«Իրական սահմանադրությունն այն է, որը ստեղծում է ժողովուրդը։Եթե ժողովուրդը չի ստեղծում այդ սահամանադրությունը, դա անիմաստ փաստաթուղթ է։ Կրկնում եմ՝սահմանադրության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։ Ոչ թե սահմանադրության տեքստի հեղինակը, այլ բովանդակության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։ Արդեն ցույցեր էին անում սահմանադրության ընդունման դեմ առանց ընկալելու, որ մենք ընդամենը այդ թեման տանում ենք, որպեսզի մենք ժողովուրդի հետ ստեղծենք սահմանադրություն։ Այդ սահմանադրությունն այսօր չկա»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով՝ սահմանադրությունը գոյություն չունի, քանի դեռ գոյություն չունի ժողովրդի մտքում։

«Եթե դուք ինձ այսօր հարցնեք, թե ինչ պետք է գրված լինի այդ սահմանադրության մեջ, ես կարող է ինչ-որ մտքեր ունենամ, բայց այդ սահմանադրությունը գոյություն չունի, քանի դեռ գոյություն չունի այդ մարդկանց մտքում, որովհետև եթե մարդկանց մտքում չլինի, ապա 700 հազար մարդ ո՞նց է գնալու կողմ քվեարկի։ Միայն մի պարագայում, եթե ինքը համարի, որ ինքն է դրա տերը և հեղինակը։ Դա մենակ թվաբանություն չի, դա նաև հոգեբանություն է, դա նաև շատ կարևոր սոցիալ-հոգեբանական վիճակ է, և այս խոսակցությունը մենք պետք է շարունակենք, բայց հաշվի առնենք, որ այստեղ էմոցիաներ կան, այստեղ պատմություններ կան, այստեղ մեր պատմությունը կա, այստեղ մեզանից առաջվա պատմությունը կա։ Այս խոսակցությունը ուրիշի մասին չէ, այս խոսակցությունը մեր մասին է՝ մեր պապիկների և տատիկների, մեր ծնողների, մեր երեխաների։ Սա շատ կարևոր խոսակցություն է, բայց այդ խոսակցության մեջ սերը երբեք չի կարելի կորցնել։ Այս խոսակցության մեջ ամեն քաղաքացի պետք է զգա մեր սերը, եթե մենք նույնիսկ դառը բան ենք ասում, եթե նույնիսկ բան ենք ասում, որ նրանց և մեզ համար տհաճ է, նա պետք է այդ սերը զգա, որովհետև, եթե դա սիրելով չենք անում, մենք վատ բան ենք անում։ Մենք սա անում ենք այն պատճառով, որ սիրում ենք մեր երկիրը և պարտավոր ենք այս առաքելությունը կատարել»,-եզրափակեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել