Հայաստանի և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը
21:34 - 18 մարտի, 2024

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը

Մարտի 18-ին Վալետայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Մալթայի Հանրապետության ԱԳ նախարարության Մշտական քարտուղար Քրիստոֆեր Կուտայարի գլխավորությամբ Հայաստանի և Մալթայի արտաքին գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են առաջին քաղաքական խորհրդակցությունների մեկնարկը՝ կարևորելով երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը:

Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ընդգծել առկա համագործակցության զարգացման և ընդլայնման անհրաժեշտությունը տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հարցերին:

Նախարարի տեղակալը մալթացի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերին։

Այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Մտքեր են փոխանակվել նաև միջազգային օրակարգին առնչվող այլ հարցերի շուրջ:

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել Մալթայի խորհրդարանի Արտաքին և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Էդվարդ Զամիթ Լևիսի և հանձնաժողովի անդամների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել