Կառավարության կարևորագույն խնդիրներից է նպաստել տնտեսական պոտենցիալի մեծացմանը և դրա իրացման հնարավորություններ ստեղծելուն. ՀՀ վարչապետ
 |armenpress.am|
19:37 - 16 մարտի, 2024

Կառավարության կարևորագույն խնդիրներից է նպաստել տնտեսական պոտենցիալի մեծացմանը և դրա իրացման հնարավորություններ ստեղծելուն. ՀՀ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Վերջին տարիներին Հայաստանի գրանցած տնտեսական աճը մեծացնում է նաև ՀՀ տնտեսական պոտենցիալը: Այդ մասին ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն, ընդգծելով, որ այժմ, ՀՀ կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն է քաղաքականություններն ուղղել այդ տնտեսական պոտենցիալի մեծացմանը և դրա իրացման հնարավորություններ ստեղծելուն:

«Գիտեք, որ 2023 թվականի արդյունքներով ՀՀ-ում արձանագրվել է ավելի քան 8 տոկոս տնտեսական աճ: Մեր նախորդ հանդիպումների ժամանակ էլ խոսել ենք տնտեսության աճի, տնտեսության պոտենցիալի մասին: Ընդհանրապես, տնտեսագետները կարծում են, որ Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին իր պոտենցիալից ավելին է անում կամ ավելի մեծ արդյունքներ է արձանագրում: Բայց մյուս կողմից տնտեսագետները համաձայն են նաև այն պնդմանը, որ տնտեսական աճն իր հերթին մեծացնում է նաև մեր տնտեսական պոտենցիալը: Եվ հիմա Կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն է քաղաքականություններն ուղղել այդ տնտեսական պոտենցիալի մեծացմանը և մեծացած տնտեսական պոտենցիալի իրացման հնարավորություններ ստեղծելուն: Մենք ունենք այս խնդիրը և՛ կարճաժամկետում, և՛ միջնաժամկետում, և՛ երկարաժամկետում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց, որ տնտեսական պոտենցիալի մեծացման և առաջացած պոտենցիալի իրացման համար առանցքային նշանակություն ունի կրթությունը:

«Կրթությունը չպետք է հատվածական ընկալենք: Նախակրթարանից կամ մանկապարտեզից մինչև բուհ և հետբուհական կրթություն պետք է նայենք մի ռազմավարության, մեկ ռազմավարական տրամաբանության մեջ: Ուզում եմ անդրադառնամ մի քանի հարցերի, որոնց վերաբերյալ, իմ կարծիքով, պետք է ռազմավարական մոտեցումներ արձանագրենք: Նույն 3-5 տարեկան երեխաների վերաբերյալ որոշակի թիրախ ենք նախանշել, որին հասնելու հավանականությունը շատ մեծ է մինչև 2026 թվականը: Բայց երկարաժամկետում պետք է նաև որոշակի քաղաքականություն և ռազմավարություն որդեգրենք 1-3 տարեկան երեխաների մասին կամ, եթե կոռեկտ է ասել, 0-3 տարեկան երեխաների մասին, որովհետև սա տնտեսական պոտենցիալի մասին է երկու կտրվածքով»,- մատնանշեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ կառավարությունները պետք է որոշակի քաղաքականություն որդեգրեն անգամ ամենափոքր տարիքի երեխաների վերաբերյալ, քանի որ ակնհայտ է՝ 0 կամ 1 տարեկանից երեխաները ստանում են կրթություն, նույնիսկ, լեզուներ են սովորում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել