Մոսկվան զգուշացրել է Երևանին Արևմուտքի հակառուսական կուրսի մեջ ներքաշվելու ռիսկերի մասին․ Զախարովա
10:54 - 16 մարտի, 2024

Մոսկվան զգուշացրել է Երևանին Արևմուտքի հակառուսական կուրսի մեջ ներքաշվելու ռիսկերի մասին․ Զախարովա

Շփումների ընթացքում Մոսկվան Հայաստանի հետ քննարկում է այն հարցը, որ արևմտյան երկրները Երևանին ներքաշում են իրենց հակառուսական կուրսի մեջ։ Մոսկվան զգուշացրել է ռիսկերի մասին, որոշ փաստարկներ հայկական կողմն ընդունել է։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մարտի սկզբին Հայաստանի արտգործնախարարության ղեկավար Արարատ Միրզոյանը թուրքական TRT World հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ, հաշվի առնելով բոլոր այն մարտահրավերները, որոնց Երևանը ստիպված է եղել դիմակայել վերջին երեք-չորս տարիների ընթացքում, ակտիվորեն քննարկվում են նոր հնարավորությունները, այդ թվում՝ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարը։ Նա նշել էր՝ «Հայաստանի ժողովուրդը եվրոպական նկրտումներ ունի»։

«Ցավոք, մենք բավականին վաղուց տեսնում ենք այդ միտումը և խոսում ենք դրա մասին: Մենք խոսում ենք, այդ թվում՝ շատ գաղտնի, մեր հայ կոլեգաների, գործընկերների հետ, միայն մեկ նպատակով՝ զգուշացնելու»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ Մոսկվայի որոշ փաստարկներ հայկական կողմն ընդունել է, «նույնիսկ որոշակի միջոցներ են ձեռնարկվել»։

Զախարովայի խոսքով Մոսկվան անկեղծորեն ուզում է, որ Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը և կառուցի քաղաքականություն՝ ազգային շահի վրա հիմնված։

«Ի՞նչ է ազգային շահը։ Դրանք այն շահերը չեն, որոնք ինչ-որ մեկը գրել է Բրյուսելում կամ մեկ այլ տեղում, այլ նրանք, որ արտացոլում են ազգի մշակութային ինքնությունը, որոնք համընկնում են մարդկանց շահերի հետ, որոնք ամեն օր իրենց աշխատանքով հանրային բարիք են ստեղծում, որոնք ուզում են իրենց երեխաներին և թոռներին մեծացնել իրենց երկրում, որոնք Հայաստանին չեն վերաբերվում որպես տարանցիկ երկրի և ցանկանում են ապրել այնտեղ, ցանկանում են այնտեղ ստեղծել ազգային արդյունք, իրենց ընտանիքը, իրենց տունը»,- ասել է Զախարովան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել