Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրել է դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը
11:52 - 13 մարտի, 2024

Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրել է դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը` հանրային կառավարման բարեփոխումներին նվիրված և ՏՀԶԿ/ԵՄ ՍԻԳՄԱ նախաձեռնության հանրային կառավարման սկզբունքների մեկնարկող աշխատաժողովի պանելային քննարկմանը հանդես է եկել ելույթով։

Խոսնակներն անդրադարձել են հանրային կառավարման բարեփոխումների ընթացքին, ձեռքբերումներին, բարեփոխումների հիմնական խոչընդոտներին և դրանց հաղթահարմանն ուղղված աշխատանքներին։ Կարեն Կարապետյանը նշել է, որ հանրային կառավարման, դատաիրավական ու հակակոռուպցիոն բարեփոխումները մշակվում և իրականացվում են լայն մասնակցային գործընթացների միջոցով՝ ապահովելով դրանց թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Ռազմավարությունները համապատասխանում են միջազգային ստանդարտներին և մոնիթորինգային մարմինների (ՏՀԶԿ, ԳՐԵԿՈ) կողմից տրված ռեկոմենդացիաներին, ինչի մասին վկայում են նաև վերջիններիս գնահատականները։ Բարեփոխումներն ունեն վերահսկողության և մոնիթորինգի հստակ մեխանիզմներ՝ խորհուրդների տեսքով, որոնք նախագահում է ՀՀ վարչապետը։

Արդարադատության նախարարի տեղակալն անդրադարձել է դատական ծառայությունների և դատարանների բեռնաթափմանն ուղված Կառավարության վերջին տարիների ջանքերին, որոնք միտված են արդար դատաքննության հասանելիության և «ուշացած արդարադատությունը հավասար է արդարադատության բացակայությանը» սկզբունքների ապահովմանը։ Կարեն Կարապետյանը ներկայացրել է այս ոլորտում կատարված աշխատանքները՝ դատավորների աշխատավարձերի բարձրացում, էլեկտրոնային արդարադատության ոլորտում գրանցված հաջողություններ և վեճերի լուծման այլընտրանքային գործիքների ներդնում։

Արդարադատության նախարարի տեղակալն անդրադարձել է նաև հանրային կառավարման անկյունաքարային բաղադրիչին և ՍԻԳՄԱ սկզբունքին՝ ծառայության ոլորտում բարեվարքության համակարգի և դրա բաղադրատարրերի ներդրմանը, կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմներին, ազդարարման համակարգին և ազդարարների պաշտպանության կառուցակարգերին, որոնք հանդիսանում են ՍԻԳՄԱ-ի կողմից նախանշված հանրային կառավարման հիմնական սկզբունքները։

Ընդգծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դերը բարեվարքության ստուգման, կոռուպցիոն ռիսկերի վերհանման և կոռուպցիայի կանխարգելման ոլորտում։ Կարեն Կարապետյանը ներկայացրել է ոլորտային մարտահրավերները, որոնց հաղթահարման մեխանիզմներն իրենց լուծումներն են գտել նոր հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի շրջանակում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել