Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մի կարեւոր բան է տեղի ունենում․ մենք խոսում ենք իրար հետ․ Նիկոլ Փաշինյան
15:59 - 12 մարտի, 2024

Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մի կարեւոր բան է տեղի ունենում․ մենք խոսում ենք իրար հետ․ Նիկոլ Փաշինյան

Ես կարծում եմ՝ Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մի կարեւոր բան է տեղի ունենում․ մենք խոսում ենք իրար հետ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նշեց՝ Թուրքիայի նախագահի հետ կա խոսակցություն եւ երկխոսություն։ Երկխոսությունը, Փաշինյանի խոսքով, շատ բարդ է, բայց շատ կարեւոր է, որ լինի։ 

«Էս ընդհանուր պրոցեսների մեջ բաներ կա, որ հետահայաց նայում ես, զարմանում ես՝ էդ ինչի՞ ա էդքան դժվար եւ ինչի ա դա հաղթահարելն էդքան դժվար։ Ես հիշում եմ մեր քննարկումները, ընկալումները, զգացողությունները, երբ ես որեւէ շփում ունեցա Պրահայում Թուրքիայի նախագահի հետ, եւ դա լուսանկարվել, համացանցում էր հայտնել, ես հիշում եմ՝ էդ լուսանկարը մեծ շփոթ, քննարկում, արձագանք էր առաջացրել, շատ մեծ աղմուկ, ու հիշում եմ նաեւ Հայաստանում մեր շատ թիմակիցների լարվածությունը դրանից։ Իսկ ի՞նչն ա տարօրինակ էդտեղ, ընդհակառակը՝ տարօրինակ ա՝ երկու երկիր, որ ընդհանուր սահման ունեն, իրար հետ խոսակցություն չունեն։ Բայց մինչեւ էդ հանգամանքը հաշվի առնելը՝ դուք կարող եք պատկերացնել, թե ինչքան մեծ ջանք ա պահանջվում՝ կայացնել որոշում գնալ Թուրքիա եւ մասնակցել նախագահի երդմնակալության արարողությանը։ Ընդ որում՝ ինչի ա էդ ջանքը պահանջվում, որովհետեւ ի վերջո մենք հո օդից չե՞նք ընկել, մենք հո էս շենքում չենք ծնվել-մեծացել, մենք գիտենք՝ ինչ շերտեր կան գիտակցության, ենթագիտակցության եւ այլն։ Կամ հաղորդագրություն, որ ՀՀ վարչապետն ու Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց  են ունեցել, մինչդեռ դա պետք ա լիներ եւ պետք ա լինի շատ սովորական եւ առօրյա բան»։

Փաշինյանը նշեց՝ ուրախ է, որ էսօր երկրների հատուկ ներկայացուցիչները մշտական կապի մեջ են, ԱԳ նախարարների միջեւ կա երկխոսություն․ «Այդ խոսակցության մեջ մենք երբեմն հասկանում ենք, որ առնվազն որոշ դրվագներում մենք իրանց ասածը չենք էդքան ճշգրիտ հասկանում, իրանք՝ մեր ասածը, եւ էս չհասկացվածությունների արանքում առաջանում ա նեգատիվ մեծ էներգիա, որը հասկացվածության արդյունքում չի նշանակում, որ կզրոյանա, բայց որ կնվազի՝ ակնհայտ ա, էդ նվազումը փաստ չի, որ կբերի կոնկրետ արդյունքների, բայց որ առանց նվազման արդյունք չի լինի, էդ երաշխավորված ա»։

ՀՀ վարչապետը նշեց՝ մենք էլի Թուրքիային ընկալում ենք մի երկիր, որը մեր դիմացի հարեւանն ա, ընկալում ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների միջոցով, մինչդեռ մենք պետք է Թուրքիայի հետ օրակարգ ունենանք․ «Ունենք, ափսոս, որ էդ օրակարգը պատշաճ արագությամբ չի իրացվում»։

Նրա խոսքով՝ մենք պետք է առերեսվենք փաստի հետ, որ Թուրքիան միջազգային մեծ դերակատար է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել