Մեկնարկում է ստորագրահավաք. արցախցիները բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը
 |armeniasputnik.am|
11:53 - 06 մարտի, 2024

Մեկնարկում է ստորագրահավաք. արցախցիները բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արցախցիների բնակարանային կարիքների ապահովման նախաձեռնությունը բաց նամակ հղեց ՀՀ կառավարությանը, մեկնարկում է ստորագրահավաք։

ՀՀ կառավարությունը ներկայացրեց բռնի տեղահանված արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագրի նախնական տարբերակը։ Վերջին օրերին այն հանրության շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել։ Այս ընթացքում արցախյան 32 կազմակերպություն համախմբվել է և ձևավորել Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը։ Այն առաջին հերթին միտված է զբաղվել Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման հարցերով։

«Ստորագրահավաք ենք մեկնարկում, հղումը կուղարկենք նաև ԶԼՄ–ներին։ Մենք կոչ ենք անում բոլոր աջակիցներին, անկախ նրանից` արցախցի են, թե ոչ, ստորագրել այս փաստաթուղթը»,– նշեց «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ–ի նախագահ Արտակ Բեգլարյանը։

«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ–ի նախագահ Արմեն Ասրյանը, ներկայացնելով բաց նամակը, նշեց, որ իրենք ուսումնասիրել են ողջ ծրագիրը։ Նա ընդգծեց, որ հաշվի առնելով Հայաստանի ստանձնած պարտականությունները և մի շարք այլ հանգամանքեր` հանդես են գալիս որոշ առաջարկներով։

«Առաջարկում ենք ծրագիրն իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով, ծրագրի իրագործման ժամկետը սահմանել 2 տարի`ակտիվ ներգրավելով միջազգային և սփյուռքի ֆինանսական ռեսուրսներ։ Առաջարկում ենք նաև բնակելի և անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5 մլն ՀՀ դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին։ Նշված գումարը հատկացնել բոլորին` անվերադարձելիության սկզբունքով` հաշվի առնելով Արցախի ժողովրդի ծանր սոցիալական վիճակը և զբաղվածության հնարավորությունների խիստ սահմանափակ բնույթը»,– նշեց Ասրյանը։

Նա հավելեց, որ պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկել բնակարանային շուկայի գների հետագա աճի կանխման ուղղությամբ` այդ թվում աջակցելով նոր բնակֆոնդի էժան ու արագ կառուցապատման ծրագրերին։

Բաց նամակում նաև ասվում է, որ պետք է հրաժարվել ծրագրի շահառուների համար ներկայացվող ՀՀ քաղաքացիության պահանջից, որը հակասում է Հայաստանի օրենսդրությանն ու միջազգային իրավունքի սկզբունքներին, առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության 40 000 + 10 000 դրամի ծրագիրը` մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը։

Նախաձեռնության անդամները ՀՀ կառավարությունից պահանջում են մինչև 3 անդամ ունեցող ընտանիքների համար ծրագրում նախատեսել առանձնահատուկ մոտեցում. յուրաքանչյուր ընտանիքի` ըստ անդամների քանակի, հատկացնել ողջամիտ չափի ֆինանսական աջակցություն, որպեսզի կարողանան գույք ձեռք բերել։

Նախաձեռնության անդամները նաև առաջարկում են ծրագրում առաջնահերություններ և լրացուցիչ արտոնություններ սահմանել զոհվածների և առաջին խմբի հաշմանդամություն ունեցող ընտանիքների համար, ծրագրում նախատեսել նաև համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալ բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար։

«Ծրագրի նախագիծը դնել հանրային լայն քննարկման և հաշվի առնել շահառուների մտահոգություններն ու առաջարկները։ Այս ծրագիրը, միանշանանակ, պետք է նպաստի Արցախից բռնի տեղահանված անձանց միասնականությանը, ինքնության պահպանմանը և արտագաղթի բացառմանը։ Ծրագրով պետք է հաշվի առնել նաև Արցախ հնարավոր վերադարձի նպատակը` անհրաժեշտ պայմաններ և գործողություններ ապահովելով այդ նպատակի համար»,– ասված է նամակում։

Ի պատասխան տարաբնույթ շահարկումների և պնդումների` Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության անդամներն ընդգծեցին, որ իրենք կողմ են պետական աջակցության բոլոր ծրագրերին, այդ թվում բնակարանային։ Նրանք շեշտեցին, որ մյուս կողմից էլ կարևոր է գիտակցել Արցախից բռնի տեղահանված ժողովրդի հանդեպ առանձնահատուկ մոտեցման հիմնավորվածությունը` հաշվի առնելով մեծագույն կորուստները և փախստական դարձած անձանց հանդեպ ՀՀ–ի ստանձած միջազգային և ներպետական պարտավորությունները։

Այս առաջարկների հիմնավորումները և մնացած մանրամասները նախաձեռնության ներակայացուցիչները պատրաստ են ներկայացնել հանրային քննարկումների ընթացքում։

Միաժամանակ, նրանք պատրաստ են ցանկացած ձևաչափով հանդիպման և քննարկման, որոնք նպատակաուղղված կլինեն ծրագրի ներառականության և արդյունավետության ապահովմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել