Նարեկ Մկրտչյանը Հնդկաստանում քննարկել է կանանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները
11:58 - 24 փետրվարի, 2024

Նարեկ Մկրտչյանը Հնդկաստանում քննարկել է կանանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի կանանց և երեխաների զարգացման նախարար Սմրիտի Զուբին Իրանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց հիմնահարցերի և երեխաների իրավունքների ոլորտներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները։
Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտում տարվող բարեփոխումներն ու ծրագրերը՝ մանրամասնելով խնամատարության ինստիտուտի զարգացման, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացման ուղղությամբ տարվող քայլերը։

Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվող աշխատանքներին՝ նախարարը խոսել է սոցիալական արդարության ապահովման շրջանակում անհրաժեշտ քայլեր իրականացնելու անհրաժեշտության մասին ու առաջարկել համագործակցել այս ուղղությամբ։

Սմրիտի Զուբին Իրանին ներկայացրել է Հնդկաստանի փորձը կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կանանց հզորացմանն ուղղված աշխատանքներում։
Նա նշել է, որ Հնդկաստանը ևս կարևորում է խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված աշխատանքները և պատրաստակամություն հայտնել իրենց փորձը ներկայացնել հայկական կողմին։

Հնդկաստանի կանանց և երեխաների զարգացման նախարարը նաև առաջարկել է դիտարկել ԱՍՀ նախարարության հետ համագործակցության հնարավորությունը՝ մասնագիտական դասընթացների կազմակերպման և աշխատակիցների հմտությունների զարգացման վերաբերյալ։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են մշակել համապատասխան հուշագիր, որը թույլ կտա հստակեցնել այն ուղղությունները, որոնց շրջանակում կարող են զարգացնել համագործակցությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել