Արցախում մնացած թանգարանային ֆոնդերի վերստեղծման աշխատանքները կշարունակվեն Հայաստանում
 |hetq.am|
21:13 - 21 փետրվարի, 2024

Արցախում մնացած թանգարանային ֆոնդերի վերստեղծման աշխատանքները կշարունակվեն Հայաստանում |hetq.am|

hetq.am: Արցախի «Մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը օրերս թանգարանների տնօրենների հետ աշխատաժողով էր հրավիրել և քննարկել, ֆինանսավորման առկայության դեպքում, շարունակել Արցախում մնացած թանգարանային ցուցանմուշների ֆոնդի վերստեղծումը։ Նրանց հաշվարկներով՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ի պատերազմից ու բնակչության բռնի տեղահանումից հետո Արցախի առնվազն 30 թանգարան և մասնավոր հավաքածուներ ամբողջությամբ կամ մասնակի մնացել են Ադրբեջանի տիրապետության տակ։ 

Դեռևս 2021թ․-ի մայիսին Արցախի Հանրապետության նախագահի հրամանով ստեղծվել էր բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհուրդ։ Այն բավականին լայն ներգրավվածությամբ գերատեսչական խորհուրդ էր, որի աշխատանքներին մասնակցում էին նաև եկեղեցին, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը, փորձագետներ և այլք։ Խորհրդի գործունեության նպատակը 2020թ․ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում և Շուշի քաղաքում մնացած թանգարանային ֆոնդը վերականգնելն էր։ 

Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանն ասում է, որ մինչև արցախցիների բռնի տեղահանումը խորհուրդը պատկերներով և էլեկտրոնային տաբերակով վերստեղծել էր Շուշի քաղաքի 7 պետական և մասնավոր արվեստի հավաքածուների ցուցանմուշների ցանկը։ «Ասում եմ՝ վերստեղծել, որովհետև թանգարաններում են մնացել թե՛ հավաքածուները, թե՛ գրանցամատյանները։ Դրանք հիմա մաս-մաս վերականգնվում են թանգարանների աշխատակիցների, մասնավոր հավաքորդների և մասնագետների աջակցությամբ»,- ասաց Ս․ Շահվերդյանը։

Հիշեցնենք, որ Շուշիում են մնացել բերդաքաղաքի պատմության, կերպարվեստի, երկրաբանական պետական թանգարանների, Արցախյան գորգի (մասնակի), Դրամի թանգարանների, Վարդան Բախշյանի (Դուշմանի) տուն-թանգարանի հավաքածուները։ Շուշիում կային նաև մասնավոր հավաքածուներ՝ Նարեկացի արվեստի միության, Սամվել Թավադյանի արվեստանոց-ցուցասրահի նմուշները, Արտակ Պողոսյանի եւ Դավիթ Ավագիմյանի գեղանկարչական աշխատանքները։ Խորհուրդը ընդհանուր 1077 ցուցանմուշ է հաշվառել։

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանն ասում է, որ 2023թ․-ի սեպտեմբերին հայության վերջնական տեղահանումից հետո թշնամու տիրապետության տակ անցած թանգարաններում մոտավոր հաշվարկներով 20 885 ցուցանմուշ է մնացել։ Այս թիվը շարունակում է աճել, քանի որ տեղեկատվությունն

անընդհատ թարմացվում է։ 

Լ․ Հովհաննիսյանը հայտնեց, որ շրջափակման հետևանքները կանխազգալով՝ 2023թ․ մայիսից նախապատրաստվել էին թանգարանային ֆոնդերը տարհանելուն։ Արկղեր էին պատրաստել, որպեսզի անհրաժեշտության դեպքում մարզերի թանգարանների ցուցանմուշները դրվեին արկղերի մեջ ու տարհանվեին Ստեփանակերտ։ Մինչ այդ, Մարտունու պատմաերկրագիտական թանգարան էին տեղափոխել Բերդաշեն գյուղի հնագիտական-երկրագիտական թանգարանի և Կոլխոզաշենի հրետանու գեներալ-գնդապետ Պարսեղովի (Խորհրդային միության շրջանում) տուն-թանգարանի նյութերը, որպեսզի այնտեղից հեշտ լիներ տեղափոխելը։ Շրջափակման ժամանակ վառելիք չլինելու պատճառով չի տեղափոխվել, իսկ սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ այլևս չի հաջողվել։ 

«Հարձակման ժամանակ թշնամին առաջինը շրջանների հետ ճանապարհները կտրեց Ստեփանակերտից և հնարավոր չեղավ տեղափոխել»,- հայտնեց Լ․ Հովհաննիսյանը։ Վերջինիս ասելով՝ Մարտունու թանգարանի վարչակազմը մինչև վերջին օրը հույս ուներ, որ կկարողանան տարհանել, բանակցում էին մարդկանց շրջափակումից հանելու համար, սակայն վերջին պահին ասացին, որ հնարավոր չէ։ Շուշիի, Հադրութի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանների ֆոնդերն ամբողջությամբ մնացել են։ Գանձասարի մատենադարանի մատյանների մի մասը, որոնք Հայաստանի Մատենադարանի մատյանների կրկնօրինակներն էին։ Հիմա աշխատում են ֆոնդերի ցանկը վերականգնելու ուղղությամբ։ 

Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել