ՀՀ նախագահը և Թուրքմենստանի դեսպանը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, կրթամշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ
17:33 - 14 փետրվարի, 2024

ՀՀ նախագահը և Թուրքմենստանի դեսպանը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, կրթամշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մուհամեդգելդի Այազովին: Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, որ ավելի քան երեք տասնամյակ Հայաստանի և Թուրքմենստանի հարաբերությունները դինամիկ զարգանում են, և հույս հայտնել երկու երկրների գործընկերության հետագա ընդլայնման ու խորացման վերաբերյալ:

Խոսքի մեկնարկին դեսպան Մուհամեդգելդի Այազովը նախագահ Վահագն Խաչատուրյանին է փոխանցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հրավերը՝ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին նշվող թուրքմեն մեծ բանաստեղծ և փիլիսոփա Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված պետական միջոցառումներին մասնակցելու համար:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական, կրթամշակութային և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է երկու երկրների գործարար շրջանակների միջև առկա գործընկերության ամրապնդման և նոր կապերի ձևավորման ուղղությամբ քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել