Ես ինքս էլ տեսել եմ հրապարակումը, մենք էլ կուսակցության ներսում քննարկում ենք այդ իրավիճակները․ Փաշինյանը՝ «Ինֆոքոմի» հետաքննության մասին
19:38 - 07 փետրվարի, 2024

Ես ինքս էլ տեսել եմ հրապարակումը, մենք էլ կուսակցության ներսում քննարկում ենք այդ իրավիճակները․ Փաշինյանը՝ «Ինֆոքոմի» հետաքննության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ փետրվարի 6-ին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ օրեր առաջ «Ինֆոքոմ»-ի հրապարակած հետաքննությանը՝ ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքների ու ֆինանսների անհայտ ծագման վերաբերյալ՝ նշելով, որ կուսակցության ներսում քննարկել են այն։

Թեմայի վերաբերյալ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը․

«Պարոն Փաշինյան, Դուք 2018 թվականից առ այսօր ամեն պատեհ-անպատեհ առիթով հայտարարում եք, որ երկրում համակարգային կոռուպցիա գույություն չունի։ Բայց 2018 թվականից առ այսօր բազմաթիվ են դեպքերը, երբ բազմաթիվ պաշտոնյաներ այս կամ այն կոռուպցիոն գործի կիզակետում են հայտնվել, կալանավորվել են և այլն։ Մի այդպիսի հրապարակում նաև եղավ նախորդ շաբաթ․ ԱԱԾ և ՔԿ համատեղ օպերացիայի արդյուքնում էկոնոմիկայի փոխնախարար ձերբակալվեց, ևս երեք պաշտոնյա ձերակալվեցին։ Բայց խոսքս այս հրապարակման մասին չէ, այլ մի հրապարակման, որը համատարած այդ աղմուկի մեջ, ըստ էության, լռեցվեց։ Խոսքը հետաքննող լրագրողների իրականացրած հետաքննության մասին է, որով գնացել էին ՔՊ-ի քարոզարշավին հանգանակած գումարների հետևից, այցելել էին ձեր կուսակցությանը երկուսուկեսական միլիոն նվիրաբերած ընտանիքների և պարզել էին, որ շատերը անգամ տեղյակ չէին եղել, որ գումարներ էին նվիրաբերել։ Դուք ՔՊ կուսակցության վարչության նախագահն եք, եթե ֆինանսական թափանցիկությունը չեք կարողանում ապահովել՝ լինելով կուսակցության վարչության նախագահ, ինչ վստահություն պետք է ունենանք, որ նույնը կարողանում եք իրականցնել վարչապետի պաշտոնում։ Արդյո՞ք սա կոռուպցիա չէ, համակարգային կոռուպցիա չէ»։

Հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Ընդհանրապես, այդ թվում ձեր բարձրացրած հարցերի պատճառով է, որ մենք ասում ենք, որ երկրում պետք է պետական ինստիտուտների կայացում տեղի ունենա, որովհետև մի պաշտոնյան և մի անձը ամեն ինչ չի, որ կարող է թափանցիկություն ապահովել։ Դրա համար կան ինստիտուտներ, կա իրավապահ համակարգ, կա դատախազություն, կան վերահսկող մարմիններ, այդ թվում՝ կուսակցությունների գործունեության։

Իհարկե, նաև կուսակցությունը և կուսակցության ղեկավար մարմիններն են այդ հարցի պատասխանատուն, և ես ինքս էլ տեսել եմ այդ հրապարակումը, և նաև մենք էլ կուսակցության ներսում քննարկում ենք այդ իրավիճակները և իրադրությունները և բնականաբար մտադիր ենք նաև պարզաբանել, հասկանալ թե ինչի մասին է խոսքը, կամ ինչը ինչի համար է տեղի ունեցել»։

Պետական տարբեր պաշտոնյաների տարբեր գործերով կարգավիճակ ունենալուն անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ իր կարծիքով դա ամենամեծ վկայությունն է այն բանի, որ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք կա Հայաստանի Հանրապետությունում։

«Որովհետև էդ կամքի բացակայությունը, այսինքն՝ ձեր նշած երևույթների բացակայությունը պիտի հակառակի ապացույցը դառնար։ Ձեր նշած փաստերը ինքնին ամենամեծ ապացույցն են, որ այդ թվում թափանցիկություն ապահովելու բոլոր մեխանիզմները ՀՀ-ում կան, և թափանցիկությունն անխուսափելիորեն կապահովվի և ապահովվում է»,- հավելեց Փաշինյանը։

«Պարո՛ն Փաշինյան, ձեր կուսակցության քարոզարշավի գումարներ են հավաքվել, Դուք ՔՊ վարչության նախագահն եք, Դուք չեք կարողացել ապահովել ֆինանսական թափանցիկությունը ձեր կուսակցության։ Հիմա դուք վարչապետի պաշտոնում եք, շատ ավելի մեծ գումարների դեպքում, բյուջեի դեպքում ի՞նչ վստահություն քաղաքացին պետք է ունենա, որ կարողանալու եք ապահովել»,- արձագանքեց Խամոյանը։

«Էն փաստը, որ դուք ասում եք. բա որ թափանցիկություն չենք ապահովել, էդքան բան դուք որտեղից գիտեք։ Հետաքննող լրագրողները որտեղի՞ց գիտեն։ Հետախուզական ծառայություննե՞րն են հայտնաբերել։ Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերից վերցրած տեղեկությունների հիման վրա կառուցած տեղեկություններ են։ Բա թափանցիկությունը պոզով-պոչո՞վ ա լինում։ Բա որ թափանցիկ չի, դուք որտեղի՞ց գիտեք։ Հարցման պատասխանը մենք ենք տվել, բայց նույնիսկ առանց մեր տալու Ազդարար կայքում էդ ամեն ինչը չի՞ հրապարակվում։ Այսինքն՝ օրենսդրության բոլոր մեխանիզմները կան։

Ասում եք՝ դուք չեք կարողանում ապահովել թափանցիկությունը։ Որ մենք չկարողանայինք ապահովել թափանցիկությունը, դուք էդ մասին գաղափար նույնիսկ չէիք ունենա։ Եթե դուք դրա մասին գիտեք, նշանակում ա թափանցիկությունը լիարժեք ապահովված ա։ Ուրիշ բան՝ հիմա էդ թափանցիկությունը ուսումնասիրելիս ինչ եզրակացությունների կհանգենք, էդ բոլորովին ուրիշ հարց ա։ Բայց ձեր հարցը շատ ուղիղ է՝ մենք չենք կարողանում ապահովել թափանցիկությունը։ Բայց ձեր հարցը և բերած լրացուցիչ փաստերը ուղիղ ապացույցն են նրա, որ մենք ապահովել ենք թափանցիկությունը»,- եզրափակեց Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել