Ռուսաստանը խոստանում է օգնել Հայաստանին ԵԱՏՄ-ում նախագահության ժամանակաշրջանում
 |hetq.am|
20:05 - 02 փետրվարի, 2024

Ռուսաստանը խոստանում է օգնել Հայաստանին ԵԱՏՄ-ում նախագահության ժամանակաշրջանում |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը կիսում է ԵԱՏՄ-ում նախագահության մեկ տարվա ընթացքում Հայաստանի հայտարարած առաջնահերթությունները։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ՝ Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Հունվարից Միության մարմիններում նախագահության գործառույթներն անցել են Հայաստանին։ Հաջողություն եմ մաղթում հայ գործընկերներին։ Մենք ուշադրությամբ ուսումնասիրել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ինտեգրման հետագա զարգացման առաջնահերթությունները։ Դրանք մեծապես համընկնում են ռուսական կողմի դիրքորոշման հետ։ Պատրաստ ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել դրանց իրականացման համար»,- ասել է Միշուստինը։

Նա նշել է, որ ուրախ է ողջունել 2024 թվականին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջին նիստի բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ղազախ գործընկերներին կազմակերպման համար։

Առանձին Միշուստինը արդյունավետ աշխատանք է մաղթել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներին, որի կազմը փոփոխվել է: «Կոլեգիայի հարգելի նախագահ Բակիտժան Սագինտաև, կոլեգիայի հարգելի անդամներ, ձեզանից շատերին մենք քաջ ծանոթ ենք։ Վստահ եմ, որ ձեր փորձն ու գիտելիքներն այսուհետ ևս կնպաստեն «հնգյակի» երկրների համագործակցության ամրապնդմանը, կօգնեն արդյունավետորեն լուծել մեր առջև դրված խնդիրները՝ ի շահ քաղաքացիների», - եզրափակել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել