Դատախազությունը կասկածի տակ է դնում Գագիկ Բեգլարյանի ներկայացրած փաստաթղթերի իսկությունը
 |hetq.am|
19:15 - 30 հունվարի, 2024

Դատախազությունը կասկածի տակ է դնում Գագիկ Բեգլարյանի ներկայացրած փաստաթղթերի իսկությունը |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում հունվարի 30-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հերթական դատական նիստը։ Նախագահող դատավորն էր Նարինե Ավագյանը։

Դատախազության ներկայացուցիչ Նելլի Տեր-Թորոսյանը ներկայացրեց միջնորդություն՝ փաստաթղթաբանական փորձաքննություն իրականացնելու մասին։

Դատախազը կասկածի տակ է դնում «Ռոյալ բոքս կարգո» ՍՊԸ-ի գործընկերության համաձայնագրերի և վճարման հանձնարարականների անգլերեն բնօրինակ փաստաթղթերի իսկությունը։ Ըստ դատախազի՝ դրանք 1994 թվականի փաստաթղթեր են, սակայն թղթի, կնիքի, ստորագրությունների թանաքի թարմության աստիճանն առաջացնում են կասկածներ այդ փաստաթղթերի, դրանց թվագրման ամսաթվերի վերաբերյալ։

Խոսքը հենց այս ընկերությանն առնչվող փաստաթղթերի մասին է։ Այդ փաստաթղթերի կազման և թվագրման համապատասխանությունը պարզելու համար Նելլի Տեր-Թորոսյանը միջնորդեց իրականացնել փաստաթղթաբանական փորձաքննություն՝ դրա կատարումը հանձնելով ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին և պարզաբանման համար փորձագետների առաջադրել հետևյալ հարցերը՝

  1. «Ռոյալ բոքս կարգո» ՍՊԸ-ի գործընկերության համաձայնագրերի և վճարման հանձնարարականների անգլերեն բնօրինակների կազման ժամանակահատվածներն արդյոք համապատասխանու՞մ են դրանց թվագրաման ամսաթվերին, թե՝ ոչ։ Թվագրման ամսաթվերն են՝ 1994-2012 թվականները։ 
  2. Եթե ոչ, ապա ե՞րբ են դրանք կազմվել։
  3. Իսկ կազման հստակ ժամանակահատվածը պարզելու անհնարինության դեպքում առավելագույնը որքա՞ն կարող է լինել դրանց կազման վաղեմությունը։ 

Պատասխանողների ներկայացուցիչները հայտնեցին, որ առարկություն չունեն միջնորդության դեմ, դատարանը բավարարեց միջնորդությունը։

Նելլի Տեր-Թորոսյանը երկրորդ միջնորդությունը ներկայացրեց, որը կրկին առնչվում էր «Ռոյալ բոքս կարգո» ՍՊԸ-ին։ Դատախազը հրապարակեց նոր ապացույց այն մասին, որ «Ռոյալ բոքս կարգո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին, ինչը հերքում է Բեգլարյանի ներկայացուցիչների այն փաստարկը, թե 1994 թվականից սկսած՝ այդ ընկերությունից ստացել են շահաբաժիններ։

Ըստ դատախազության ներկայացուցչի հայտնած տեղեկության՝ այդ ընկերության սեփականատերերը ՀՀ քաղաքացիություն չունեցող 2 անձինք են՝ 51% և 49% բաժնեմասերով։

Դատախազի խոսքով՝ այս տեղեկությունը ցույց է տալիս, որ Բեգլարյանների ներկայացրած ապացույցները և պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

Պատասխանողների ներկայացուցիչներից ՆորայրԲալայանը նշեց՝ երբևիցե չեն պնդել, թե Բեգլարյանները համարվում են այդ ընկերության փայատերերը։ «Որովհետև մեր կողմից ներկայացված պայմանագրերը վկայում են, որ գործընկերային հարաբերությունների մեջ են եղել»,- ասաց Նորայր Բալայանը։

Նա նկատեց նաև, որ Դատախազության միջնորդության մեջ նշված է նույն կազմակերպության երկու անուն՝ «Ռոյալ շիփինգ ֆոնդ» և «Ռոյալ բոքս կարգո»։

Նելլի Տեր-Թորոսյանն ասաց, որ «Ռոյալ բոքս կարգո» վերտառությամբ իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկատվություն ԱՄԷ-ում գրանցված միայն այս տեղեկությունն է առկա։ «Ես պատասխանատու չեմ, թե երկրորդ անվանումը ինչ աղբյուր ունի, բայց նշում եմ, որ «Ռոյալ բոքս կարգո» վերտառությամբ իրավաբանական անձ միայն համապատասխան տվյալներով է առկա»,- ասաց դատախազը։ Բալայանն էլ հայտնեց իր ողջամիտ կասկածները, թե գուցե կազմակերպության նախկին անվանումը եղել է «Ռոյալ շիփինգ ֆոնդ», հետո է փոխվել այն։ 

Դատարանը նիստը հետաձգեց՝ ժամանակ տալով պատասխանողների ներկայացուցիչներին։ Գործով հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 28-ին՝ 16։00-ին։

Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել