Հայաստանը սահմանազատման քարտեզների հարցով Ադրբեջանի հետ բանակցություններում հետընթաց է նկատում
16:02 - 23 հունվարի, 2024

Հայաստանը սահմանազատման քարտեզների հարցով Ադրբեջանի հետ բանակցություններում հետընթաց է նկատում

Ադրբեջանի կողմից առաջարկ է եղել սահմանազատման գործընթացում օգտագործել 1974-1990 թվականի քարտեզներ, որոշակի ուսումնասիրությունից հետո մենք ենթադրել ենք, որ կարող է կիրառելի լինել այս ձևակերպումը, բայց Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում նույնիսկ Ադրբեջանի բուն առաջարկից որոշակի հետընթաց է ենթադրվում։ Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ամփոփիչ մամուլի ասուլիսին։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանն առաջարկում է 1974-1978 թվականների քարտեզներով առաջնորդվել։

«3 հայտնի սկզբունքների հիման վրա ենթակառուցվածքների ապաշրջափակումը ևս մի բան է, որի շուրջ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել նաև ադրբեջանական կողմի հետ, և ըստ էության ունենք փոխըմբռնում և փոխհամաձայնություն, բայց էլի վերջին հարցազրույցին անդրադառնալով՝ տեսնում ենք հետընթաց ադրբեջանական կողմից»,- նշեց Միրզոյանը։

ԱԳ նախարարը նաեւ անդրադարձավ Ադրբեջանի նախագահի կողմից հետագա եռակողմ և հնգակողմ հանդիպումներին մասնակցելուց հրաժարվելուն եւ նշեց, որ դրան զուգահեռ հայկական կողմը նույնպիսի միտում է տեսնում Ադրբեջանի ԱԳՆ կողմից։

«Ըստ էության, Գրանադայից հետո քննարկվում էր հնարավոր հանդիպում ոչ միայն երկրների ղեկավարների կողմից, այլ նաև ԱԳ նախարարների։ Ենթադրվում էր, որ պետք է շարունակվի աշխատանքը պայմանագրի տեքստի շուրջ։ Եւ տեսնում ենք, որ ոչ միայն Ադրբեջանի նախագահը դադարեց մասնակցել հանդիպումներին, այլ նաև ԱԳ նախարարը։
Հանուն արդարության նշեմ, որ հանդիպումների չկայանալը, քանի որ մի քանի առաջարկ եղավ հանդիպումներ, բացասաբար անդրադարձավ կենդանի քննարկումների, գործընթացների վրա ակնհայտորեն, բայց փոխանակվեցին խաղաղության պայմանագրի նոր խմբագրական առաջարկներ», -ասաց Միրզոյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել