ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության 13-րդ նիստին
21:46 - 22 հունվարի, 2024

ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության 13-րդ նիստին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 18-ին մասնակցել է Մարդու իրավունքների շուրջ Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն երկխոսության 13-րդ նիստին։

ՀՀ պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար տիկին Դորոտա Դլուչի-Սուլիգան:

Քննարկվել են գենդերային  հավասարությանը, խտրականության բացառմանը, հավաքների ազատությանը, խոսքի և տեղեկատվության ազատությանը, ազգային փոքրամասնությունների, փախստականների իրավունքներին, ինչպես նաև աշխատանքային իրավունքների ամրապնդմանն առնչվող և մի շարք այլ  հարցեր:

Նիստի շրջանակներում հատուկ ընդգծվել է  Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի ընդունման կարևորությունը:

Քննարկվել է մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին առնչվող հարցերի ուղղությամբ բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի շրջանակներում համագործակցությունը՝ հաստատելով փոխգործակցությունն ամրապնդելու հանձնառությունը:

ՀՀ պատվիրակությունը ԵՄ գործընկերներին ներկայացրել է վերոնշյալ հարցերի առնչությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերն ու ընթացիկ աշխատանքները: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը ներկայացրել է ոլորտների կատարելագործման ուղղությամբ կատարված քայլերը` հատուկ ընդգծելով նաև այն գործողությունները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ բնագավառներում իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման և ամրապնդման նպատակով։

Հատուկ անդրադարձ է կատարվել 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական հարձակմանը, դրան հաջորդած բռնի տեղահանման հումանիտար հետևանքներին և մարդու իրավունքների տեսանկյունից առաջացած խնդիրներին։  Քննարկվել են ավելի քան 100 հազար փախստականների հրատապ կարիքները հասցեագրելու  և նրանց սոցիալ-տնտեսական ներառումը դյուրին դարձնելուն ուղղված ջանքերը, որի համար  միջնաժամկետ հեռանկարում զգալի աջակցություն է պահանջվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել