Ինչու տապալվեց վարչապետի 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը |hetq.am|
17:50 - 15 հունվարի, 2024

Ինչու տապալվեց վարչապետի 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը |hetq.am|

hetq.am: Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ամփոփեց 2023 թվականը և պատմեց, որ 2023 թ.-ին 314 հա անտառպատման աշխատանքներ են իրականացվել:

Նախարարը հույս ունի, որ 2024-ին մեծ թափով առաջ կգնան այս ոլորտում և ևս 1000 հա անտառ կհիմնեն:

Հակոբ Սիմիդյանին հարցրինք, թե ինչ ընթացք է ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած 10 մլն ծառ տնկելու ծրագիրը, այդ 10 մլն-ից քանի՞սն է մինչ օրս տնկվել, ինչ կպչողականություն է ապահովվել:

«Դա 2020 թվականին նախատեսված միջոցառում էր: Ինչի 2020 թվականին չկայացավ, կարծում եմ բոլորիս պարզ է, հայտնի իրադարձությունները` քովիդը և 44-օրյա պատերազմը, և քանի որ ամբողջ միտքը, որ 2020 թվականի 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 մլն ծառ տնկվեր, ըստ էության, հայտնի պատճառներով, այդ ծրագիրը չիրականացավ: Ծրագիրը նաև 10-երի խորհուրդն էր ունեցել: Մենք չենք վերադարձել ծրագրի իրականացմանը, բայց ես արդեն ասացի, որ 2024 թվականի համար նախատեսել ենք 1000 հա անտառ տնկել, դա, եթե չեմ սխալվում, 1 մլն ծառի մասին է»,- պատմեց Հակոբ Սիմիդյանը:

Անդրադառնալով ծառերի կպչողականութանը՝ նախարարը նշեց, որ կպչողականության աստիճանը իրենց էլ չի բավարարում, դրա համար նաև միջազգային փորձն են ուսումնասիրում, որ արդյունավետ ճանապարհով գնան:

«Ես հիմա կոնկրետ չասեմ, նաև դաշտային աշխատանքների արդյունքում կլինի` կհասկանանք, թե ինչու չունենք մեծ կպչողականություն»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման իր ելույթում ազդարարեց 10 մլն ծառ տնկելու, իր որակմամբ, ամբիցիոզ ծրագրի մասին: 10 մլն ծառը, համաձայն վարչապետ Փաշինյանի, «կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել