«Պետք է շտկենք»․ ո՞վ է մարզադահլիճները կառուցել և ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանի հետ
 |hetq.am|
16:40 - 05 հունվարի, 2024

«Պետք է շտկենք»․ ո՞վ է մարզադահլիճները կառուցել և ի՞նչ կապ ունի Սամվել Կարապետյանի հետ |hetq.am|

hetq.am: Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատման առիթ դարձած Վանաձորի դպրոցների մարզադահլիճները կառուցել է «Տաշիր» գրուպի նախագահ Սամվել Կարապետյանի հետ կապվող՝ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ն։ Այս ընկերությունը Լոռու մարզում 5 դպրոցի մարզադահլիճ է կառուցել, որոնցից երկուսը՝ Վանաձորում, մյուսները՝ Ստեփանավանում, Վարդաբլուրում և Ագարակում։

2016 թ․-ին հիմնադրված «Տ-Քնսթրաքշն» ՓԲ ընկերության առաջին բաժնետերը եղել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն, որը պատկանում է խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին։ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի բաժնետոմսերը 2021 թ․-ից պատկանում են Տաշիր համայնքի Լեռնահովիտ բնակավայրում հաշվառված Արմեն Կարապետյանին։

Լոռու մարզի դպրոցների մարզադահլիճները (5 դահլիճ) կառուցելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն 1 միլիարդ 44 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի հետ։ Մարզադահլիճների շինարարության տեխնիկական հսկողությունն էլ 53 միլիոն դրամով իրականացրել է «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ն։

«Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի բաժնետեր Արմեն Կարապետյանը «Հետք»-ի հարցերին ի պատասխան հայտնեց, որ վարչապետի արձանագրած թերությունները պետք է իրենք շտկեն։

-Պարոն Կարապետյան, մարզադալիճը Ձեր ընկերությունն է կառուցել։ Վարչապետի արձանագրած խախտումներին ինչպե՞ս եք վերաբերվում։

-Ճիշտն ասած՝ ես տեղյակ չեմ, խնդրում եմ երկուշաբթի․․․ ես տեղեկանամ, երկրում չէի, նոր եմ եկել։

-Աղմուկից տեղյակ չե՞ք։ Պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից։

-Թեթև տեղյակ եմ, բայց ամբողջությամբ տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում։

-Ձեր աշխատանքի հետևանքով Լոռու մարզպետը և Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն են ազատվել աշխատանքից։ Դրանում Ձեր ընկերության մեղավորությունը տեսնո՞ւմ եք։

-Իհարկե տեսնում եմ, բայց այդ կախիչը մեր հետ կապ չունի։ Դա տենդեր է եղել, մենք չենք սարքել, ուրիշ ընկերություն բերել, տեղադրել է։ Դա մեր հետ կապ չունեցող բան է, որքանով ես տեղյակ եմ։ Գույքը մեր հետ կապ չունի։

-Այդ խնդիրը Ձեր կազմակերպությո՞ւնը պետք է լուծի, թե՞ ենթակապալառուն։

-Գույքի հետ կապված, որքանով ես գիտեմ, չէ, դա լրիվ ուրիշ ընկերություն է։ Տենդեր է եղել, ուրիշ ընկերություն բերել, դրել են, մեր հետ կապ չունի գույքը։

-Ձեր ընկերությունը նոր չէ, շինարարության հետ կապված հնարավո՞ր էր՝ նման խնդիր լիներ։

-Խնդիրներ ոնց որ կա, ես չեմ հերքում, բայց այդ խնդիրները պետք է վերացվեն, ես չգիտեմ, ամբողջովին տեղյակ չեմ՝ ինչ է կատարվում։

-Կառավարությունից, Քաղաքաշինության կոմիտեից Ձեզ հարցեր չե՞ն տվել այս դեպքի վերաբերյալ։

-Դե ոչ, ես նոր եմ եկել, երկրում չէի։

-Նման բան նախկինում եղե՞լ է Ձեր ընկերության հետ կապված։

-Ոչ։

-Դուք ինչպես՞ եք լուծումը տեսնում։

-Պետք է շտկենք, ինչ-որ խնդիր կա, պետք է շտկենք, ուրիշ լուծում չեմ տեսնում։ Խնդիրներ եթե կան, պետք է շտկվեն դրանք։ Վերջ։

-Դուք կապ չե՞ք տեսնում «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի և Կառավարության հարաբերությունների ու այդ պատմության հետ։

-Խնդրում եմ մի շոշափեք։ Այդ անունները կապ չունեն այս ամեն ինչի հետ։ Խնդրում եմ, մի շոշափեք։

-Այդքան շինարարություն է լինում, և հենց այս շինարարությանը մոտենալ ու խախտումներ գտնել․․․

-Այդ մարդկանց անունները մի շոշափեք, խնդրում եմ։ Այդ մարդիկ կապ չունեն այս ամեն ինչի հետ, պետք չի այդ անունները շոշափել։ Ի՞նչ կապ ունեն դրա հետ։ Իրենք ոչ մի կապ չունեն։

Նոր տարվա առաջին աշխատանքային օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի այն դպրոցներ, որտեղ պետական միջոցներով ծրագրեր են իրականացվել։ Այցի ժամանակ վարչապետն անձամբ էր հայտնաբերում թերի արված աշխատանքները և դժգոհում։ Հաջորդ օրն արդեն Կառավարության նիստում պաշտոններին հրաժեշտ տվեցին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել