Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը կվերադարձվի ՀՀ-ին. գլխավոր դատախազ |1lurer.am|
13:03 - 28 դեկտեմբերի, 2023

Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը կվերադարձվի ՀՀ-ին. գլխավոր դատախազ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նստին կներկայացվի որոշման նախագիծ, որով կառաջարկվի պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնել գույք. խոսքը Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավայրի 2005 թվականի որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով ՊՆ-ին տրամադրված հատուկ նշանակության հողամասին է վերաբերում, որն ունեցել է զորամասի կարգավիճակ. դա «Երասխ-1» և «Երասխ-2» զորամասներն են: Այդ մասին Կառավարության նիստին ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

««Երասխ-1»-ի վերաբերյալ գործը դեռևս գտնվում է դատաքննության փուլում, իսկ «Երասխ-2»-ը հաջորդիվ արդեն կամրացվի պետական գույքի կառավարման կոմիտեին»,- նշեց նա:

Աննա Վարդապետյանը ներկայացրեց նախապատմությունը:

«ԱԱԾ քննչական դեպարատամենտում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ պաշտպանության նախարարի պաշտոնը տվյալ ժամանակահատվածում զբաղեցրած անձը, խախտելով հողային օրենսգրքի պահանջները, ըստ որոնց՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը, հանձնարարել էր կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հատուկ նշանակության «Երասխ-2» տարածքը 0.9 հա մակերեսով և դրա վրա առկա շինությունները: 2023 թվականի փետրվարի 7-ին ԱԺ քննարկմանն իմ կողմից ներկայացվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիր, որը բավարարվեց, և, ի թիվս այլ պաշտոնատար անձանց, նախկին նախարարի նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում: Ներկայումս գործը գտնվում է դատական քննության փուլում:

Քրեական գործից բացի՝ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույցթի շրջանակում 2023 թվականի մայիսի 4-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Նորայր Կարապետյանի և երրորդ անձ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել 2009 թվականի հունվարի 13-ին Պաշտպանության նախարարության և Նորայր Կարապետյանի միջև կնքված առուծախի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքները:

2023 թվականի սեպտեմբերի 11-ին դատավարության մասկիցների միջև կնքվել է հաշտության համաձայնություն և ներկայացվել դատարան:

Հաշտության համաձայնությամբ պատասխանողն ընդունել է գլխավոր դատախազության պահանջը և պարտավորվել նշված պայմանագրով օրենքի խախտմամբ ստացված Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը վերադարձնել ՀՀ-ին:

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 12-ի վճռով հաստատել է հաշտության համաձայնությունը, որից հետո նշված անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը:

Հաջորդիվ ներկայացվող նախագծով կառաջարկվի գույքն ամրացնել պետական գույքի կառավարման կոմիտեին»,- ասաց գլխավոր դատախազը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել