2020-ին Արցախից տեղահանվածներն ուշադրությունից դուրս են մնացել՝ չնայած իրենց եկամտի աղբյուրները կորցնելուն
20:22 - 10 հունվարի, 2024

2020-ին Արցախից տեղահանվածներն ուշադրությունից դուրս են մնացել՝ չնայած իրենց եկամտի աղբյուրները կորցնելուն

38-ամյա Հարություն Թադեւոսյանը Արցախի Քաշաթաղի շրջանի Գանձա համայնքի վերջին ղեկավարն է։ Նրա 10-հոգանոց ընտանիքը 2020թ-ից մինչ օրս ապրում է Երեւանի շինարարական քոլեջի հանրակացարանում։

Վերաբնակեցման ծրագրի շրջանակում Հայաստանից տեղափոխվելով Արցախ՝ Հարությունը նախ աշխատել է դպրոցում, ապա՝ ընտրվել համայնքի ղեկավար։ Զբաղվել է նաեւ գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ։ Նա Արցախ է մեկնել 2007 թ-ին, երբ ամուսնացած էր եւ ուներ դեռ 2 երեխա։ Այժմ բազմազավակ հայր է, ունի 1-19 տարեկան 8 երեխա՝ 2 տղա եւ 6 աղջիկ։

2020 թ 44-օրյա պատերազմը փոխել է այս ընտանիքի պլաններն ու կյանքի բնականոն ընթացքը։ Նոյեմբերի 29-ին Հարությունը կնոջ ու դստեր հետ վերջին անգամ է գնացել Գանձա՝ իրենց տանը հրաժեշտ տալու․ 2020 թ-ի դեկտեմբերի 1-ին Քաշաթաղի շրջանը, բացառությամբ Բերձորի, Սուսի, Աղավնոյի եւ Աղանուսի, 128 բնակավայրով հանձնվեց Ադրբեջանին․ «Տունը մաքրեցինք, ավլեցինք, փոշիները սրբեցինք, դուռը փակեցինք, կողպեքի բանալին դրեցինք էդտեղ ու եկանք»,- հիշում է Հարությունը։

Թեեւ 2020 թ-ին Արցախից տեղահանվածների համար իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում Հարությունին տրամադրվել է մինչեւ 10 մլն դրամի վկայական՝ Հայաստանի մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցելու դեպքում մայր գումարի ամսական մարման համար, սակայն նա այդ գնով իր բազմանդամ ընտանիքին համապատասխան տուն մինչ օրս չի գտել։ 

Հարությունի ընտանիքը, ինչպես 2020-ին բռնի տեղահանված մյուս արցախցիները, Կառավարության աջակցության վերջին ծրագրերի շահառու չեն, քանի որ այդ ծրագրերը նախատեսված են բացառապես 2023-ին տեղահանվածների համար։

Տարիների վաստակածը զրոյացել է մեկ օրում

2020 թ-ին հաստատվելով Երեւանում՝ Հարությունը, ինչպես նաեւ Քաշաթաղի շրջանի մյուս համայնքների ղեկավարները շարունակել են հեռավար կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները «Երբ եկանք, դեռ պարզ չէր՝ ինչ կլիներ, կմնայինք աշխատանքի թե ոչ, բայց քանի որ ժողովրդին աջակցելու, համակարգելու, տեղերը իմանալու խնդիր կար, շտաբ բացվեց, սկսեցինք գնալ-գալ, ժողովրդի հետ կապված խնդիրները բարձրաձայնել․․․ Արցախի ղեկավարությունից հրաման եղավ, որ 2022 դեկտեմբերի 31-ից ինչպես դպրոցների, այնպես էլ համայնքի ղեկավարների աշխատակազմերը լուծարվում են՝ քարտուղար, վարորդ, հաշվապահ։ Մեզ պահեցին, աշխատավարձերը շարունակեցինք ստանալ, ու մինչեւ էսօր աշխատում ենք, բայց այլեւս չենք ֆինանսավորվում»,- պատմում է Հարությունը, ում այս տարի՝ 2023 թ հոկտեմբերի 15-ին են տեղեկացրել, որ հոկտեմբերի 1-ից այլեւս չի վարձատրվելու, շարունակելու է աշխատել հասարակական հիմունքներով «Շտաբը ցրվեց, ու ամեն ինչ, ովքեր էնտեղ էին, ում կարողանում էինք որեւէ հարցով դիմել, որ իրենք դա հասցնեն ՀՀ կառավարությանը, հիմա չկան էլ, մնացել ենք սենց անորոշ։ Ինչ հարց կա, փորձում ենք մենք մեր ձեւով ճշտել»,- ասում է Հարություն Թադեւոսյանը։

Մինչ այս տարվա հոկտեմբերը աշխատավարձից բացի ընտանիքը Արցախից ստացել է նաեւ իրենց հասանելիք ամենամսյա նպաստը։ 2006 թ-ից ի վեր Արցախում գործել է բազմազավակության նպաստ՝ ըստ երեխաների քանակի։ 4-րդ երեխայի ծննդից հետո՝ 2010 թ․-ից Հարությունն ու կինը դարձել էին դրա շահառու։ Որպես բազմազավակ ընտանիք՝ պետության կողմից նրանց պետք է հատկացվեր նաեւ բնակարան։ Շինարարությունն ավարտվել էր, վերանորոգման աշխատանքները, սակայն, անավարտ մնացին 2020 թ․ պատերազմի պատճառով։

13 տարվա ձեռքբերածից Հարությունը կարողացել է Երեւան տեղափոխել միայն հեռուստացույցը, սառնարանն ու լվացքի մեքենան։ Տունը, ավտոմեքենան, 30 հա հողատարածքը, անասուններն ու փեթակները կորսվել են։ 

44-օրյա պատերազմից հետո Արցախի կառավարությունը որոշեց պատերազմական գործողությունների հետեւանքով նյութական վնաս կրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրել պետական ֆինանսական աջակցություն, ինչի նպատակով կատարվեց վնասների գնահատում, եւ սահմանվեց փոխհատուցման չափ։ Թադեւոսյանների վնասը գնահատվեց 13 միլիոն դրամ, որից նրանք հասցրել են ստանալ 4 միլիոնը «Մենք ունեցել ենք ունեցվածք, այդքան տարիների ընթացքում ինչ-որ բան ենք ձեռք բերել, բնակարան, անասուններ, հող, ես միայն իմ մասին չեմ ասում, ընդհանուր, մարդիկ էդ ամենը կորցրել են, եկել են էստեղ, հիմա ուզում ենք հասկանալ՝ դրա դիմաց որեւէ փոխհատուցում կա՞, թե՞ չէ, ո՞վ պետք է անի, ինչքա՞ն ժամանակում պետք է անի, որ հասկանանք՝ մենք ոնց ենք էստեղ ապրելու, ի վիճակի ենք, թե չէ։ Էս պահի դրությամբ իմ տարիների աշխատանքը զրո է, ու ես չգիտեմ՝ ինչ պիտի անեմ»,- ասում է Հարությունը։

Երեխաներից միակ չափահաս աղջիկն անցյալ տարի ընդունվել է Երեւանի պետական  համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսման վարձի մի մասը Արցախի կառավարությունը փոխհատուցել է։ Այժմ չկա նաեւ այդ փոխհատուցումը։ Մյուս աղջիկը սովորում է «Աբելյան» արվեստի դպրոցում, ֆինանսական խնդիրների պատճառով վտանգված է նրանց հետագա կրթությունը։

Քաղաքացին ակնկալում է, որ Կառավարությունը լուծումներ առաջարկի նաեւ 2020թ-ին բռնի տեղահանվածների խնդիրներին 

Հարություն Թադեւոսյանն ասում է՝ մարդը, որպես կանոն, իր կենսակերպը կազմակերպում է՝ հիմնվելով ֆինանսական աղբյուրների կանխատեսելի հաշվարկների վրա, իսկ իրենք միանգամից են կտրվել թե՛ աշխատավարձից, թե՛ նպաստից, այդ պատճառով էլ հիմա անորոշության մեջ են։ Կինը չի աշխատում, քանի որ մանկահասակ երեխա ունեն, ինքը սննդի կետ է վարձել, փորձում է աշխատեցնել, նաեւ տաքսի վարել։ Այնուհանդերձ, դրանով, ըստ Հարությունի, հնարավոր չէ պահել 10-հոգանոց ընտանիքը, նաեւ պարտքեր է վերցրել «2020 թ․-ի տեղահանվածների վերաբերյալ Կառավարությունը ոչ մի որոշում չունի, եթե 2023 թ տեղահանվածները որոշակի աջակցություն, կարգավիճակ ստանում են, Արցախի վերաբնակիչների մեծ մասը ՀՀ-ից է գնացել, զրկված է ամեն ինչից, մեզ հետ կապված ոչ մի որոշում չկա, համենայն դեպս, որ կառույցին դիմել եմ՝ Սոցհարցերի նախարարություն, Միասնական սոցիալական ծառայություն, ասել են՝ ձեզ հետ կապված բան չկա»,- ընդգծում է Հարությունը։

Նա այժմ ակնկալում է, որ Կառավարությունը կայացնի որեւէ որոշում, որն ուղղված կլինի իր եւ իր ճակատագրին արժանացած մարդկանց խնդիրների լուծմանը «Եթե խնդիրների լուծումը տրվի, հասկանամ, որ կկարողանամ ապրել էստեղ, շատ ուրախ կլինեմ, շատ եմ ուզում, ես իմ հայրենիքում եմ, իմ երկրում, բայց եթե սենց շարունակվի, ես նույնիսկ չեմ կողմնորոշվում՝ ինչ անել։ Եթե ինչ-որ բան անեմ, մեկ էլ պարզվի՝ որ սխալ եմ արել, որովհետեւ ինչ-որ լավ բան էր լինելու, չանեմ՝ բա որ պարզվի՝ չի լինելու։ Էս անորոշությանը պետք է վերջ տալ, Էդ խնդիրները լուծելու համար պետք է արագ գործել եւ համ էլ խնդիրը լուծել, ոչ թե մարդուն թողնել խնդրի մեջ ու ասել՝ ինչ ուզում է, թող լինի, ոնց ուզում ես, կարգավորի։ Ես ՀՀ քաղաքացի եմ, ՀՀ-ն ի՞նչ է պատրաստ ինձ համար անելու, որ ես էլ հասկանամ՝ ի վիճակի եմ [ոտքի կանգնել] թե չէ»,- ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Կառավարությունն այս պահին նոր միջոցառում չի նախատեսում

«Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ հետաքրքրվելով արդյո՞ք նախատեսում են որեւէ սոցիալական աջակցություն սահմանել 2020-ին Արցախից տեղահանված, սակայն եկամտի աղբյուրներից 2023-ին զրկված անձանց համար։ Ի պատասխան՝ Նախարարությունից հայտնել են, որ այս պահին նման միջոցառում նախատեսված չէ։

Հաշվի առնելով, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով բազմազավակության նպաստի առանձին տեսակ սահմանված չէ՝ խնդրել էինք հայտնել նաեւ, թե այդ կատեգորիայի մարդկանց համար փոխարինող ի՞նչ մեխանիզմներ կան կամ նախատեսվո՞ւմ են արդյոք։

Ստացված պատասխանի համաձայն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք նորածին երեխաների համար ՀՀ-ում կարող են ստանալ «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված՝ երեխայի ծննդյան միանվագ եւ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստները, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 23.12.2021 թ. N 2169-Լ որոշմամբ սահմանված՝ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող դրամական աջակցություն՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված պահանջներին՝ նրանց տվյալների բավարարելու դեպքում: 

Հետաքրքրվել էինք նաեւ՝ 2020 թ․ պատերազմի վնասների փոխհատուցման անհատական գործերը Արցախի կառավարությունը փոխանցե՞լ է ՀՀ կառավարությանը, եւ արդյո՞ք Հայաստանը շարունակում կամ նախատեսում է շարունակել այդ միջոցառման իրականացումը։ Սոցհարցերի նախարարությունից, սակայն, նշել են, որ իրենք պատասխանատու գերատեսչությունը չեն եւ նման գործեր չեն ստացել։ Նույն հարցմամբ դիմել ենք նաեւ Կառավարությանը, որտեղից հարցումը վերահասցեագրել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակին։ 

Գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, ի պատասխան մեր հարցերին, հայտնել է, որ հիշյալ անհատական գործերը ՀՀ կառավարությանը չեն փոխանցվել, եւ տվյալ հարցի վերաբերյալ քննարկում չի նախատեսվում․ «Չնայած նրան, որ նախկինում Լեռնային Ղարաբաղում իրականացվել են պետական աջակցության տարաբնույթ ծրագրեր, մինչ այս ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության վերաբերյալ որոշումներ կայացնելիս Կառավարության գործողություններն ուղղված են եղել բռնի տեղահանվածների հրատապ եւ միջնաժամկետ կարիքների արագ արձագանքմանը՝ զուգահեռաբար դիտարկելով նաեւ երկարաժամկետ անելիքների վերաբերյալ հիմնական մոտեցումները», – ասված է պատասխանում։

 

Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Սարգիս Խարազյանի եւ Ռոման Աբովյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել