Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը  «Սիթի բայք»-ի առնչությամբ երկու տնտեսավարողների նկատմամբ
հարուցել է վարույթ
10:31 - 23 դեկտեմբերի, 2023

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Սիթի բայք»-ի առնչությամբ երկու տնտեսավարողների նկատմամբ հարուցել է վարույթ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անհատ ձեռնարկատեր Ալիսա Հովակիմյանի և «Քաղաքային Հեծանիվներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով:
 
Մասնավորապես «citibike»-ի գործունեության վերաբերյալ տարբեր անվանումները կրող ֆեյսբուքյան, տելեգրամյան, յութուբյան, ինստագրամյան, տիկտոկյան էջերում տարածվել են հետևյալ հրապարակումները․
- կատարել ներդրումներ՝ գնելով VIP սարքավորումներ, իսկ ներդրված գումարների դիմաց առաջարկվում են առերևույթ անիրատեսական բարձր տոկոսներ.
- «Մեր Citi Bike-ը հովանավորվում է աշխարհի ամենամեծ Citibank-ի կողմից», այնինչ դա առերևույթ չի համապատասխանում իրականությանը,
- «Մենք ներկայացնում ենք ամերիկյան CitiBike ընկերությունը», այնինչ դա առերևույթ չի համապատասխանում իրականությանը։
 
Հիշեցնենք, որ «Սիթի բայք» ներդրումային ծրագրով աշխատող կայքի վերաբերյալ նաեւ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այդ հոդվածի համաձայն՝ ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ավելի վաղ «Հետք»-ը պարզել էր, որ «Սիթի բայք» (citibike.am) անվանումով կայքն առաջարկում է ներդրումներ անել և գումար վաստակել՝ ներդրումից տոկոսներ ստանալով։ Եթե ներդրողը հրավիրի նաև ընկերներին, ու նրանք իր կոդով գրանցվեն, ապա այդ գրանցումներից նույնպես ներդրում կատարողը գումար կստանա։ Այս սխեման ֆինանսական բուրգ էր հիշեցնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել