ՌԴ քաղաքացին իր կամքին հակառակ Հայաստանից տեղափոխվել է Ռուսաստան. իրավապաշտպան նախագիծ
 |azatutyun.am|
16:44 - 20 դեկտեմբերի, 2023

ՌԴ քաղաքացին իր կամքին հակառակ Հայաստանից տեղափոխվել է Ռուսաստան. իրավապաշտպան նախագիծ |azatutyun.am|

azatutyun.am: Մինչ հայաստանյան իրավապահները ստուգում էին, թե արդյո՞ք Ուկրաինայի դեմ պատերազմելուց հրաժարված Ռուսաստանի քաղաքացին անօրինական պահվում է Գյումրու ռուսական ռազմաբազայում, Դմիտրի Սեդրակովը կամքին հակառակ հայտնվեց Ռուսաստանում։ Նրա շահերը պաշտպանող ռուսական իրավապաշտպան կազմակերպությունից ասում են՝ հնարավոր է նա այժմ Դոնի Ռոստովի ռազմական ոստիկանությունում է:

«Քայլիր անտառով» իրավապաշտպան նախագիծը Սեդրակովի համար հիմա փաստաբան է փնտրում։

«Հիմա նրա հետ կապ չկա, բայց Գյումրիում ձերբակալության օրը նրան հնարավորություն են տվել կապվել կնոջ հետ։ Կինը խոսել էր ամուսնու հետ և այդ մասին տեղեկացրել մեզ։ Սեդրակովը պատմել էր, որ իրեն ձերբակալել են ու պահում են ռուսական 102-րդ ռազմաբազայում», - ասել է«Քայլիր անտառով» նախագծի ներկայացուցիչ Դարյա Բերգը։

Գյումրիում ռուսական ռազմաբազայի ոստիկանների կողմից դեկտեմբերի 7-ին Սեդրակովի ձերբակալությունից հետո հայաստանցի իրավապաշտպան Արթուր Սաքունցը դիմում էր ուղարկել գլխավոր դատախազություն՝ պահանջելով հրատապ քննել, թե ինչու են բազայի ռազմական ոստիկանները ստանձնել հայաստանյան իրավապահների գործն ու օրը ցերեկով փողոցից մարդ ձերբակալել։ Իրավապաշտանը նաև խնդրել էր արագ Սեդրակովին դուրս բերել ռազմաբազայի հսկողությունից, որ հանկարծ նրան չարտահանձնեն Ռուսաստան։

Գլխավոր դատախազությունը մինչ օրս դեռ պնդում է, թե ստուգում են իրավապաշտպանի դիմումում նշված տեղեկությունները, ու նաև չի բացահայտում, թե որտեղ է հիմա Սեդրակովը, և ինչպես է նա հանձնվել Ռուսաստանին։

Այսօր կառույցից միայն պնդեցին, թե Սեդրակովին ձերբակալելու, կալանավորելու և Ռուսաստանի իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություն չեն ստացել, չեն քննարկել ու չեն բավարարել։ Ավելին, Սեդրակովի՝ ռուսաստանյան իրավասու մարմինների կողմից հետախուզման, ինչպես նաև Հայաստանի տարածքում հայտնաբերման վերաբերյալ տեղեկություն գլխավոր դատախազությունը չունի։ Այդ դեպքում ինչպե՞ս և ի՞նչ ճանապարհով է տղամարդը Գյումրու ռուսական ռազմաբազայից հայտնվել Ռուսաստանում, այս հարցի պատասխանը դատախազությունը չի տալիս։

Ուկրաինայի դեմ պատերազմելուց հրաժարված պայմանագրային զինծառայող Սեդրակովին Հայաստան փախչելու հարցում օգնած «Քայլիր անտառով» իրավապաշտպան նախագծի ներկայացուցիչն «Ազատության» Настоящее время ծրագրին պատմել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում իրենք օգնել են այլ երկրներ տեղափոխվել 600 ռուս զինվորականների, բայց սա առաջին դեպքն էր, որ իրենց աջակցությամբ այլ երկրում հաստատված քաղաքացուն դրսում ձերբակալում են, և իրենք հիմա բոլոր ջանքերը ներդնելու են օգնել Սեդրակովին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել