Մելիքբեկյան. «Ունեմ վստահություն, որ ակումբները քվեարկելու են մեր ծրագրի օգտին»
 |azatutyun.am|
16:31 - 18 դեկտեմբերի, 2023

Մելիքբեկյան. «Ունեմ վստահություն, որ ակումբները քվեարկելու են մեր ծրագրի օգտին» |azatutyun.am|

azatutyun.am: Չնայած Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբ «Փյունիկ»-ի հետ առճակատմանն ու գործող չեմպիոն «Ուրարտու»-ի հայտնած անվստահությանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը համոզված է՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում հաղթելու է:

«Ես, այո, ունեմ այդպիսի վստահություն, որ ակումբները քվեարկելու են մեր ծրագրի օգտին», - «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Մելիքբեկյանը, - «Կա այդպիսի վստահություն: Իհարկե, դա ինքնավստահություն չի, որովհետև կյանքում ամեն ինչ կարող է լինել, բայց այս պահին ես կարծում եմ, որ այն, ինչ մենք ներկայացնում ենք մեր անդամներին, բավական համոզիչ է»:

«Երբ ասում են՝ «դուք դիմում եք ակումբներին», ուրեմն՝ մենք ակումբների հետ, և բոլորը, ընդհանրապես, և ակումբները իրար հետ, անընդհատ կապի մեջ են, մենք ունենք 25 անդամ և բոլորի հետ անընդհատ կապի մեջ ենք: Ոչ մեկ չի դիմում որևէ ակումբի, ասում՝ «ընտրություններում ինձ ե՞ս ընտրելու, թե՞՝ ոչ», - ընդգծեց ՀՖՖ նախագահը:

Խոշոր ակումբների մեղադրանքների, սկանդալային հայտարարությունների այս շրջանում ինչպե՞ս է Ֆեդերացիայի ղեկավարությունը պատկերացնում հետագա աշխատանքը, հնարավո՞ր է մեղմել լարվածությունը: Արմեն Մելիքբեկյանի խոսքով՝ ամեն բան կախված է ակումբերի քայլերից.

«Եթե ակումբները պատրաստ են բաց մթնոլորտում աշխատել, իհարկե, դա այդպես է լինելու: Եթե պատրաստ չեն, միևնույն է, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կառույց է, որը ինքը կազմակերպում է պրոֆեսիոնալ ֆուտբոլը, բայց ՀՖՖ-ի միակ գործը պրոֆեսիոնալ ֆուտբոլը չէ՝ մենք ունենք բազմաթիվ շահառուներ, բազմաթիվ կետեր, որոնց հետ աշխատում ենք, և, այնուամենայնիվ, բնականաբար, աշխատանքը շարունակվելու է: Որովհետև մինչև հիմա նույն երկու ակումբի հետ աշխատանքը տարբեր հարցերում շարունակվում է՝ մեր բաժինների մակարդակով, և այլն»:

«Փյունիկ»-ը պնդում է, թե ակումբի նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվում։ ՀՖՖ նախագահը հակադարձում է՝ անարդարություն չի եղել. - «Ես չորս տարի Ֆեդերացիայի նախագահ եմ և վստահորեն ասում եմ, որ ոչ մի ակումբ անարդարության չի հանդիպել, այսինքն՝ եթե ունեցել է քննարկելու հարց, քննարկել է: Բոլոր ակումբները գիտեն, որ ես չեմ աջակցում որևէ մեկ ակումբի»:

Արմեն Մելիքբեկյանը Ֆեդերացիայի նախագահ ընտրվեց 2019-ին, այն ժամանակ նա հայտարարում էր՝ ՀՖՖ-ն թափանցիկ է աշխատելու, իսկ ֆուտբոլային հանրությունը հնարավորինս միասնական ու համախմբված է լինելու։ Նա չորս տարի առաջ խոսում էր կրթական ծրագրերի կարևորությունից, ֆուտբոլի մասսայականությունից։

Իր նախանշած կետերից որոնցո՞ւմ է , ի վերջո, հաջողել Մելիքբեկյանը, որ ցանկանում է ևս երեք տարի պաշտոնավարել. - «Ամենակարևորն այն է, որ մենք փորձում ենք ստրուկտուրալ մոտեցում, համակարգային մոտեցում տալ ֆուտբոլին և հասկանում ենք, որ ֆուտբոլը բաղկացած է մի քանի հիմնական տարրերից: Օրինակ, առաջին հերթին, դա ենթակառուցվածքներն են, այսինքն՝ եթե մենք չունենանք ենթակառուցվածքներ, մենք չենք կարող աճեցնել քանակը ֆուտբոլիստների, մենք չենք կարող հետագայում ստանալ որակ, մենք չենք կարող ստանալ ընտրություն, մենք չենք կարող ստանալ լավ մրցաշարեր: Եվ այդ առումով, օրինակ, մենք մեծ ծավալի աշխատանք ենք արել: Վերջին չորս տարիների ընթացքում մենք կարողացել ենք վերակառուցել Արմավիրի, Վանաձորի, Աբովյանի մարզադաշտերը», - ընդգծեց ՀՖՖ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել