Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված՝ «Եռաբլուր» պանթեոնին հարակից հողատարածքները փոխանցվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին

 |aravot.am|
12:57 - 14 դեկտեմբերի, 2023

Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված՝ «Եռաբլուր» պանթեոնին հարակից հողատարածքները փոխանցվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին |aravot.am|

aravot.am: Այս տարվա ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով ՀՀ սեփականության է փոխանցվել վեց անշարժ եւ մեկ շարժական գույք, որոնց շուկայական մոտարկված արժեքը 2 մլրդ 100 մլն դրամ է կազմում։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ըստ նրա՝ նաեւ վերականգնվել է շուրջ 79 մլն դրամ։

Կառավարության այսօրվա նիստում «Գույք ամրացնելու մասին» որոշում ընդունվեց։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ ըստ որոշման՝ նախատեսվում է ՀՀ սեփականություն հանդիսացող 4 անվանում անշարժ գույք եւ մեկ շարժական գույք ամրացնել ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Այդ գույքերն են Ծովակալ Իսակովի պողոտայի 25/2, 25/3, 25/4 հասցեներում գտնվող հողատարածքները եւ Արաբկիր վարչական շրջանի վաղարշյան փողոցի ավտոտնակներից մեկը, իսկ շարժական գույքը Range Rover Sport ավտոմեքենա է։ Նախապատմությունը հետեւյալն է՝ գլխավոր դատախազը դիմել է մեզ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կա գործընթաց»,- ասաց Գնել Սանոսյանը։

Աննա Վարդապետյանն ասաց, որ նշված գույքերից հինգի նկատմամբ՝ չորս անշարժ գույք եւ մեկ ավտոմեքենա, արդեն իսկ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը։ «Եվ այս նախագծով առաջարկվում է վերոնշյալ գույքերը փոխանցել Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կառավարության որոշման նախագծում նշված անշարժ գույքերի ցանկում են ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից երեք հողատարածքները»,- ասաց Աննա Վարդապետյանը։

Մյուս անշարժ գույքը՝ Արաբկիր վարչական շրջանի ավտոտնակը, Աննա Վարդապետյանի խոսքով, պատկանում էր Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին։ Ըստ գլխավոր դատախազի՝ եւս մեկ անշարժ գույքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի առաջիկայում։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեն լիարժեք տնօրինելու է, եւ այն արդեն լիարժեք պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել