Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:35 - 06 դեկտեմբերի, 2023

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հայտնում են կառավարությունից:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն է հայտնել փոխգործակցության ակտիվացմանն ուղղված ջանքերի համար և հույս հայտնել, որ Եվրոպական միության հետ համագործակցությունը խորացնելու փոխադարձ հանձնառությունը նոր թափ կհաղորդի ընթացիկ և սպասվող նախաձեռնությունների արագ կենսագործմանը: 

Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներին, կարևորել է Եվրոպական միության կողմից փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված շարունակական աջակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության ընթացքի և հեռանկարների վերաբերյալ, անդրադարձել տարածաշրջանային և անվտանգային զարգացումներին, Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած բարեփոխումների ընթացքին: Այս համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են նաև ռազմավարական հաղորդակցությանը, այն որպես ինստիտուտ ներդնելու ու կայացնելու հրամայականին, դիտարկել՝ Եվրոպական միության լավագույն փորձն ուսումնասիրելու ու տեղայնացնելու հնարավորություններն ու մեխանիզմները:  

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելիս՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ տարածաշրջանային այս կարևոր նախաձեռնության իրագործման հարցում Հայաստանի կառավարությունն ակնկալում է բոլոր միջազգային գործընկերների գործուն աջակցությունը: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքեր գործադրել Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն ընթացիկ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել